Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի երեխաներն էլ բոլոր երեխաների պես ունեն իրենց մանկությունը վայելելու իրավունք, սակայն այսօր չեն կարողանում Արցախ՝ իրենց տուն հասնել․ արցախցի խմբակավարը դիմում է միջազգային հանրությանը․ տեսանյութ

Ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու պատճառով անորոշ ժամանակով Երևանում են մնացել արցախցի մի խումբ երեխաներ։

Դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտի երաժշտական դպրոցների տարբեր մրցույթների մասնակցած սաները եկել էին Երևան՝ ներկա գտնվելու «Մանկական եվրատեսիլ»-ին։ Սակայն հաջորդ օրը, դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ նրանք պետք է վերադառնային Արցախ, նրանց տեղեկացրել են, որ ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին 

Այս պահին երեխաներն ու նրանց ուսուցիչները գտնվում են երևանյան հյուրանոցներից մեկում։

Մեզ հետ զրույցում երեխաները պատմեցին, որ շատ էին ուրախացել, որ ներկա են գտնվել «Մանկական եվրատեսիլ»-ին, և տպավորված էին տեղի ունեցած միջոցառումից։ Սակայն հաջորդ օրը տխրեցին, երբ իմացան, որ ճանապարհը փակվել է։  

Երեխաները նշեցին, որ թեև Երևանում իրենց շատ լավ են վերաբերվում, սակայն ուզում են վերադառնալ իրենց տուն, ծնողների մոտ, Արցախ։ Նշենք, որ չնայած ստեղծված իրավիճակին երեխաները մարտական են տրամադրված։

Մենք զրուցեցինք նաև արցախցի երեխաների հետ Երևան եկած Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խմբակավար Անահիտ Գաբուզյանի հետ։

«Երեխաները շատ մտահոգված են, մանավանդ այս երեխաներն այն երեխաներն են, որոնք 44-օրյա պատերազմ են տեսել, նրանք գիտեն դրա վերջն ինչ է լինում։ Ավելի շատ մտահոգված են, որ իրենք այստեղ են, իսկ ծնողներն այնտեղ են։ Ասում են՝ երանի նրանց, ովքեր հիմա այնտեղ են, որ միասին են։ Դե ասում ենք, որ սա ադրբեջանցիների հերթական սադրանքն է, հեսա մի քանի ժամից կբացեն, բայց ստացվեց այնպես, որ երկար տևեց։ Իրենք այդ վիդեոները տեսնում են, որ ադրբեջանցիներն այնտեղ ցույցեր են կազմակերպում, փորձում ենք ասել, որ ամեն ինչ կկարգավորվի, լուծում կստանա և իրենք կվերադառնան իրենց տները, ծնողների մոտ»,- ասաց Անահիտ Գաբուզյանը

Ի հավելումն, նա կոչով դիմեց միջազգային հանրությանը՝ նշելով, որ չի կարելի այսքան ոտնահարել մարդկանց իրավունքները, իրենց երեխաներն էլ, ինչպես բոլոր երեխաները, ունեն իրենց մանկությունը, որը պետք է վայելեն, և թող այս խնդիրը մի լուծում ստանա։

Նշենք, որ դեռևս փակ է մնում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչի հետևանքով շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին՝ ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան