Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի ճանապարհի բացումը խնդրի լուծում չի, միջազգային մեխանիզմ պետք է գործի. Մարուքյան

«Ռուս խաղաղապահները Ադրբեջանի կողմից մանդատ չեն ստացել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Civic.am-ի հարցի՝ արդյոք ռուս խաղաղապահներն ունե՞ն լիազորություն ուժ կիրառելու և բացելու Լաչինի միջանցքը։ 

«Եթե այսօր ճանապարհը բացվի, և հումանիտար ճգնաժամը վերջանա, դա էլ խնդրի լուծում չի, որովհետև խնդիրը երկարատև լուծման կարիք ունի, որովհետև եթե այսօր բացեն, վաղը կարող են նորից փակել մեկ այլ պատրվակով։ Դրա համար միջազգային հանրության հետ մեր աշխատանքներում տանում ենք այն գիծը, որ խնդիրը երկարաժամկետ լուծման կարիք ունի, այլապես այս պրոբլեմները շարունակվելու են։ Միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունների, շփման, խնդիրների լուծման, միմյանց առջև հարցերի բարձրացման համար այլընտրանք չունի»։

Մեր հարցին՝ այլ երկրից զորք ակնկալո՞ւմ ենք, որ տեղակայվի Արցախում, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Նման խոսակցություն չկա»։ 

Հետաքրքրվեցինք նաև՝ միջազգային մեխանիզմ ասելով ի՞նչ նկատի ունի, ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն, որին ի պատասխան՝ Մարուքյանը նշեց. «Քանի որ դա դեռ ստեղծված չի, ես չեմ կարող ասել, դա քննարկման առարկա է։ Վաշինգտոնում եղել է նման համաձայնություն, Ադրբեջանը տվել է նման համաձայնություն, և հետո Հիքմեթ Հաջիևը հրաժարվում էր, բայց հայկական կողմից եղավ հաստատում, որ եղել է նման համաձայնություն, որ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև քննարկում ունենալու, խնդիրները բարձրացնելու համար»։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան