Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԻՆ-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացրել է ուսումնավարժություն

ՀՀ ԱԻՆ-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացրել է ուսումնավարժություն
Հասարակություն
23:02, 23 апрель 2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 23-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացրել է hրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման ուսումնավարժություն, որի ընթացքում իրականացվել է հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև աշխատակիցների տարահանում: Հրդեհի մասին իրազեկումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարժանքի անցկացման նպատակն էր կատարելագործել թատրոնի հրդեհային անվտանգության աշխատակիցների և փրկարար արձագանքող ուժերի փոխգործակցությունը՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում:

Սցենարի համաձայն՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունեցել պայթյուն: «Հրդեհը» 3-րդ կանչի բարդության էր, ներգրավվել են ժամանած բոլոր մարտական հաշվարկները: 4 «տուժած» է տարահանվել: ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդհանուր առմամբ գոհ է ուսումնավարժության արդյունքներից. իրականացված ցուցադրական, մարտավարական ուսումնավարժանքը ծառայեց իր նպատակին:
Ուսումնավարժությանը մասնակցել են «Շտապ բուժօգնությունը», «Վեոլիա Ջուրը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը նշել է, որ ակնհայտ թերություններ չեն նկատվել: Նախարարության բոլոր ստորաբաժանումները հաջողությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները և հայտարարել «հրդեհի» մարում: