Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է Սյունիքում ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունը

ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է Սյունիքում ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունը
Հասարակություն / Իրավունք
12:47, 16 февраль 2021
Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի գրասենյակն ուսումնասիրում է Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը Սյունիքի մարզում լրատվամիջոցների աշխատանքի կազմակերպման համար ազգային անվտանգության մարմինների գրավոր թույլտվության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հայտարարությունը Սյունիքի մարզում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ՝ ՀՀ ազգային անվտանգության մարմինների գրավոր համաձայնության վերաբերյալ, այս պահին ուսումնասիրվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Մարդու իրավունքների պաշտպանի այցերը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր, այդ մարզերի բնակիչներից ստացված բողոքների ուսումնասիրությունն ու մշտադիտարկումը վկայում են, որ Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է մեխանիկական մոտեցումներով, ինչի արդյունքում վտանգվել կամ խախտվել են սահմանային բնակիչների իրավունքները (կյանքի, սեփականության եւ այլն), որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու մեր երկրի Սահմանադրությամբ:

Պաշտպանի դիրքորոշմամբ՝ սահմանների որոշման գործընթացին պետք է ներգրավել քարտեզագրության, գեոդեզիայի, ռազմական ու այլ ոլորտների մասնագետներ, պատմաբաններ, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ տեղերում եւ այլն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են մարզեր կատարած այցերի արդյունքները եւ գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին»,- նշվում է հարցման պատասխանում: