Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծնողները կասկածվում են 2-ամյա տղայի մահվան մեջ

Ծնողները կասկածվում են 2-ամյա տղայի մահվան մեջ
Հասարակություն
13:38, 08 февраль 2021
Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր․-ի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 7-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։ Համաձայն ահազանգի՝ մահացած վիճակում  բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը  և  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեսյանի գլխավորությամբ, հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս․-ն է։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։

 Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Արարատի մազի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս․-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ․-ն, ովքեր հայտնել են, որ փերտվարի 6-ին՝ ժամը  20։00-ի սահմաններում, տանը, պատահաբար, երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։ Փետրվարի 7-ին՝ ժամը12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։ 

Ոստիկաններն ու քննիչները ունեն նաև տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ․-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և չի բացառվում, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանության։  

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: