Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանից Արցախ տանող ճանապարհը կասֆալտապատվի մինչև մայիս, այն անցնում է Տեղ համայնքի վերջնամասով, Կոռնիձոր համայնքի մոտով և ավարտվում ՀՀ պետական սահմանի մոտ

Հայաստանից Արցախ տանող ճանապարհը կասֆալտապատվի մինչև մայիս, այն անցնում է Տեղ համայնքի վերջնամասով, Կոռնիձոր համայնքի մոտով և ավարտվում ՀՀ պետական սահմանի մոտ
Հասարակություն
14:56, 22 декабрь 2022
«Հայաստանից Արցախ տանող ճանապարհը կասֆալտապատվի մինչև մայիս»,- այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա ընդգծեց, որ նոր կառուցվող ճանապարհը չի շրջանցում Լաչինի միջանցքը: «Այն ամբողջովին Հայաստանի տարածքում է, որը պետք է միանա այդ ճանապարհին, և աշխատանքները տարվում են Հայաստանի տարածքով»,- նշեց նախարարը։

Civic.am-ը հարցում էր ուղարկել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանին՝ ճշտելու, թե Հայաստանից դեպի Արցախ տանող նոր կառուցվող ճանապարհը Հայաստանի որ բնակավայրերով է անցնում, ինչին ի պատասխան Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է. «Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ճանապարհն անցնում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի վերջնամասով, Կոռնիձոր համայնքի մոտով և ավարտվում պետական սահմանի մոտ»։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատուն նաև հիշատակել է, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր մոտ 11.8 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, և այժմ կատարվում են մեծածավալ հողային աշխատանքներ: «Ճանապարհի վերակառուցման մրցույթը հայտարարվել է 3 լոտով։ Շինարարական աշխատանքները կատարում են երեք տարբեր կազմակերպություններ»,- պատասխանել է նա։
 
Նշենք, որ արդեն 11 օր է՝ մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով իբրև բնապահպաններ, փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը Շուշիի հատվածում։ Ճանապարհի շրջափակումն Արցախում հանգեցնում է հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև բազմաթիվ մեղադրանքներ են հնչում ռուս խաղաղապահներին ուղղված։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բնական համարեց՝ ընդգծելով, որ այն ճանապարհը, որ փակվել է Արցախում, խաղաղապահների հսկողության ներքո է։
 
Նարա Մարտիրոսյան