Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շոշում ամեն օր կրակոցներ են լսում. գյուղապետն անդրադարձել է համայնքի առօրյային

Շոշում ամեն օր կրակոցներ են լսում. գյուղապետն անդրադարձել է համայնքի առօրյային
Հասարակություն
19:56, 26 апрель 2021
Ասկերանի շրջանի Շոշ համայնքում ամեն օր՝ տարբեր ժամերի, լսվում են կրակոցներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը՝ նշելով, որ չնայած գյուղի ներքի հատվածում հսկում են ռուս խաղաղապահները, այնուամենայնիվ, այդ ձայները լսելի են:

Գյուղապետի խոսքով՝ արցախյան երրորդ պատերազմից հետո համայնքի բնակիչների ավելի քան 85 տոկոսը վերադարձել է Շոշ, մյուս մասը՝ ժամանակավոր ապրում է ՀՀ-ում և Ստեփանակերտում:

Խոսելով գյուղի առօրյայի մասին՝ Է. Աբրահամյանը տեղեկացրել է. «Շոշի դպրոցը գործում է բնականոն հունով. կրթօջախում սովորում է 81 աշակերտ, մինչև պատերազմը եղել է 113: Ունենք մանկապարտեզ, որտեղ հաճախում է 20 երեխա. եղել է 30: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2014 թվականին գյուղում կառուցվել է համայնքապետարան, որտեղ տեղակայված են բուժկետ, ակումբ, 300 տեղանոց հանդիսությունների սրահ: Գյուղացիները, մինչև պատերազմը հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Ցավոք սրտի, գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 75 տոկոսը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Բնակիչներն իրենց տնամերձ տարածքներում քիչ քանակությամբ զբաղվում են բանջարանոցային կուլտուրաների մշակմամբ»,- ավելացրել է գյուղապետը:

Անդրադառնալով խնդիրներին՝ մեր զրուցակիցը ընդգծել է, որ առաջին հարցը՝ անվտանգությունն է, գյուղամիջյան և միջպետական ճանապարհները ունեն վերանորոգման կարիք, գյուղի գիշերային լուսավորության հարցը ընթացքում է:

«Պատերազմի հետևանքով 120 բնակելի տուն վնասվել է, որից 3-ն՝ ամբողջովին ավերվել: Այս պահին գյուղում 3 շինարարական կազմակերպություն է աշխատում. աշխատանքների մեծ մասը կատարել են»,- նշել է գյուղապետը: