Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտակերտի, Մարտունու շրջաններում բժիշկների դեֆիցիտ կա․ Հայաստանից բժիշկների խումբ կմեկնի Արցախ

Մարտակերտի, Մարտունու շրջաններում  բժիշկների դեֆիցիտ կա․ Հայաստանից բժիշկների խումբ կմեկնի Արցախ
Հասարակություն
15:53, 16 февраль 2021
Արցախի Մարտակերտի, Մարտունու շրջաններում ունենք բժիշկների դեֆիցիտ, և պակասը լրացնելու հետ կապված բանակցել ենք Հայաստանի տարբեր առողջապահական  կազմակերպությունների հետ։ Ասկերանի շրջանում էլ կա պակաս, բայց քանի որ Ստեփանակերտին մոտ է տեղակայված, բնակիչներից շատերը գալիս են, ներկայանում քաղաքի բուժհիմնարկներ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի առողջապահության նախարարության կադրերի բաժնի պատասխանատու Մերի Զաքարյանը։ 

«Շրջաններում չկա գինեկոլոգ, առաջնային՝ պահանջված մասնագետների ցանկում են նաև թերապևտը, մանկաբույժը, վիրաբույժը։ Իսկ Ստեփանակերտում նեղ մասնագետների հարցն է դրված՝ սրտաբան, գաստրոէնտերոլոգ, նյարդաբան։ Արցախի առողջապահության նախարարի կողմից պայմանավորվածություն կա՝  Հայաստանից բժիշկներ կգան Արցախ որոշակի ժամանակով աշխատելու։ Աշխատանքը կլինի խմբերով, հերթափոխային»,- նշեց Մերի Զաքարյանն ու հավելեց, որ Արցախի առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ է ստեղծվել, որտեղ ընդգրկված են Հայաստանի տարբեր կլինիկաների առաջատար մասնագետները․ «Նրանք ուսումնասիրություններ են արել Արցախում, դեռ շարունակելու են այցեր կատարել, մաստեր կլասներ անել և աջակցելու են կարճ ժամանակում կադրային պակասը համալրելու հարցում»։

Կադրերի բաժնի պատասխանատուի խոսքով Արցախի բժիշկների պակասը ժամանակավոր համալրվելու է մինչև իրենց պետպատվերով նպատակային սովորող ուսանողները ուսումից հետո վերադառնան․ «Այդ ուսանողները սովորում են Երևանի բժշկական համալսարանում, և իրենց հետ ունենք պայմանագրեր, որոնք պարտավորվել են, որ ավարտելուց հետո վերադառնան և հինգ տարի աշխատեն Արցախում։ Այս տարի նախատեսում ենք 15 տարբեր մասնագիտություններով շրջանավարտներ»։  

Անդրադառնալով Ադրբեջանի տիրապետության տակ անցած Արցախի շրջանների բուժհաստատություններին՝ Մերի Զաքարյանն ընդգծեց, որ Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի ու Շուշիի շրջանների բժիշկները հիմնականում Հայաստանում են բնակություն հաստատել, որոշներն էլ արդեն իսկ աշխատանքի են տեղավորվել և Արցախ վերադառնալու իմաստ չեն տեսնում․ « Մենք կապվել ենք բոլորի հետ, առաջարկել ենք հետ գալ, բայց այստեղ կենցաղային խնդիրներ կան, բնակարանի հարց պետք է լուծվի, որ ընտանիքով գան ապրեն։ Կան նաև բժիշկներ, որոնք արդեն տեղավորվել են Հայաստանում և իմաստ չեն տեսնում աշխատանքից դուրս գան ու վերադառնան Արցախ»։ 

Մենք կապ հաստատեցինք նաև ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ՝ ճշտելու թե երբ է նախատեսվում Հայաստանից բժիշկների առաջին խմբի տեղափոխումը Արցախ, սակայն պատասխան դեռևս չենք ստացել։  


Նարա Մարտիրոսյան