Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳՆ-ն հերքում է խաղաղապահների տեղեկությունը, թե Արցախ այցելող օտարերկրացիները պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնեն մուտքը

Արցախի ԱԳՆ-ն հերքում է խաղաղապահների տեղեկությունը, թե Արցախ այցելող օտարերկրացիները պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնեն մուտքը
Հասարակություն
17:24, 16 февраль 2021
Քաղաքացիներից մեկը փետրվարի 15-ին ֆեյսբուքում ահազանգել էր, որ  օտարերկրյա քաղաքացիներին Արցախ ուղեկցելու ժամանակ, անգամ  համապատասխան բոլոր ընթացակարգերը անցած լինելով, խոչընդոտի են հանդիպել։ Արցախի Աղավնո գյուղի մոտ ռուս խաղաղապահները նրանց հայտարարել են, որ օտարերկրացիները չեն կարող մոտք գործել Արցախ, քանի որ նոր հրաման է դուրս եկել հենց այդ օրը առավոտյան, ըստ որի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն պետք է հաստատի օտարերկրյա անձնագրերով մարդկանց մուտքը Արցախ։ 

Ի վերջո՝ օտարերկրացիները անունները և բոլոր փաստաթղթերը ճշտելուց հետո ռուս սահմանապահները թույլատրել են նրանց մուտք գործել Արցախ միայն այն բանից հետո, երբ պարզել են, որ օտարերկրացիների մեջ լրագրողներ չկան։ 

Օտարերկրացիները նմանատիպ խոչընդոտների են հանդիպել նաև մյուս անցակետերում։ 

Արցախի ԱԳՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը Civic.am-ի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի ԱԳՆ-ն պիտի հաստատի օտարերկրացիների՝ հատկապես լրագորղների մուտքը Արցախ, պատասխանեց, որ Արցախի Հանրապետության մուտքի հետ կապված պետք է դիմել միայն Արցախի ԱԳՆ։

Civic.am-ի հարցին՝ արդյո՞ք այդ ընթացակարգը համաձայնեցված է ռուս խաղաղապահների հետ, նա նշեց, որ ընթացակարգի շուրջ համապատասխան քննարկումներ եղել են եւ կան։ «ԱԳՆ ստացված դիմումները քննարկվում են ԱԳՆ-ում եւ տեղեկատվությունը փոխանցվում է ռուս խաղաղպահներին, այնուհետեւ ապահովվում է քաղաքացիների նրանց մուտքը Արցախ»։

Ներսիսյանի խոսքով՝ մինչ այժմ բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ որոշ զբոսաշրջիկներ այցելել են նշված ընթացակարգով։ «Մեխանիզմը ներդրման եւ կատարելագործման փուլում է գտնվում»,-եզրափակեց նա։

Գեղամ Ադյան