Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավազակություն Ազատության հրապարակում․ Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը․Տեսանյութ

Ապրիլի 26-ին ոստիկանություն զանգած երիտասարդը հայտնել էր, որ Ազատության հրապարակում իր ընկերոջը երկու հոգի դանակով սպառնացել են և գողացել բջջային հեռախոսը: Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր:

Պարզվեց, որ 16-ամյա մի պատանի ընկերների հետ եղել է Ազատության հրապարակում, երբ նրանց է մոտեցել անծանոթ մի տղա և խնդրել բջջային հեռախոսը: Մերժում ստանալով` տղան վիճել է պատանիների հետ, ապա դանակով հարվածել նրանց ձեռքերին, ապա դանակի սպառնալիքով հափշտակել բջջային հեռախոսն ու փախել:

Ավազակության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ:

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դանակով սպառնացողը մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի 17-ամյա բնակիչ է: Կենտրոնականի ոստիկաններին օգնության եկան Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները: Նրանց բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 27-ին 17-ամյա տղան ինքնակամ ներկայավավ Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց Կենտրոնական բաժին և ձերբակալվեց:

Նախաքննությունը շարունակվում է: