Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրանի նախագահի հետ պատվիրակությունների անդամների հանդիպմանը

Հունվարի 19-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։ Ընդունելությանը մասնակցել են համագումարին մասնակցող բոլոր պատվիրակությունները, որոնց կազմում մեկ տասնյակից ավելի երկրների առաջին տիկիններ ու բարձր պաշտոն զբաղեցնող կանայք են։

Ընդունելությանը ելույթ է ունեցել նաև Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնել ԻԻՀ նախագահին և առաջին տիկնոջը՝ աշխարհի տարբեր երկրներից ազդեցիկ կանանց համախմբելու և սեղանի շուրջը նստելու աննախադեպ հնարավորություն տալու համար։

Վարչապետի տիկինն իր խոսքում ընդգծել է, որ կանանց համախմբելու այս ֆորմատը տարածված չէ, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում, ինչը սակայն կարևոր նախաձեռնություն է։ Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ սա լավ նախադեպ կարող է դառնալ և շարունակական բնույթ կրել, իսկ դրա համար պետք են ցանկություն ու շատ աշխատանք։

Աննա Հակոբյանը վստահություն է հայտնել, որ համագումարի բուն օրակարգը կլինի արդյունավետ և հնարավորություն կտա ցույց տալու աշխարհին, որ կանայք կարող են բարություն, սեր և խաղաղություն տարածել, մաս կազմել կարևոր խնդիրների լուծման բարդ գործում։  
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին իր եզրափակիչ խոսքում հույս է հայտնել, որ սրահում հավաքված կանայք կարող են մեծ դեր ունենալ աշխարհի կանանց իրավունքները բարձր պահելու գործում։

Այն մտքերն ու կարծիքները, որոնք կհնչեն համագումարի ընթացքում, կօգնեն լուծում տալու խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց բախվում են կանայք՝ ընդգծել է Էբրահիմ Ռայիսին, վստահեցրել, որ տղամարդկանց ու կանանց միջև բացարձակ տարբերություն չկա, երբ խոսքը մարդասիրության, գիտության, առողջապահության և նաև քաղաքականության մասին է։ Ըստ Իրանի նախագահի՝ պատմության ողջ ընթացքում տղամարդիկ ու կանայք ուս ուսի պայքար են մղել։
Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ազդակ է, որ բոլորը պետք է նպաստեն կանանց դերի ու նրանց ազդեցության մեծացմանը։ Նախագահ Ռայիսին շնորհակալություն է հայտնել բոլորին՝ համագումարին ներկա լինելու համար։ 
«Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» անցկացվելու է հունվարի 20-ին։