Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատերազմը պրծել ա, բայց Գոռս դեռ չի զանգել․․.»․ 28-ամյա հերոսը, նետվելով զինակից ընկերոջ վրա, փորձել է փրկել նրան և անմահացել է

«Պատերազմը պրծել ա, բայց Գոռս դեռ չի զանգել․․.»․ 28-ամյա հերոսը, նետվելով զինակից ընկերոջ վրա, փորձել է փրկել նրան և անմահացել է
Հասարակություն
21:47, 30 апрель 2021
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 28-ամյա պայմանագրային Գոռ Հակոբյանը՝ փորձելով փրկել զինակից ընկերոջը, նետվել է նրա վրա և ԱԹՍ-ի հարվածն իր վրա վերցրել։ Ցավոք, երկուսն էլ զոհվել են։
 
«Իր զինակից ընկերները պատմել են, որ՝ պայթյունից, մոտավորապես, 1 րոպե առաջ, ինքը տվյալ վայրում չի եղել, մեկ ուրիշն է կանգնած եղել այդ մասում։ Պայթյունից հետո, իրենք վստահ են եղել, որ այդ մյուս զինվորն է գետնին ընկածը։ Սակայն, մոտենալով տեսել են, որ Գոռն է պառկած է նրա վրա», - պատմում է նրա եղբայրը՝ Գևորգը։
 
Ցավոք,  Գոռին հաջողվել է միայն 5 րոպեով երկարացնել իր զինակցի կյանքը և  պայթյունից երկուսն էլ զոհվել են։ Եղբոր խոսքով՝ մյուս զինվորը, ի տարբերություն Գոռի, ամուսնացած էր ու երեխայի հայր էր, ու ենթադրում է,  հենց դա է եղել պատճառը, որ նա գնացել է այդ քայլին։
 
Գոռը սահմանապահ զորքերում էր ծառայում։ Ծնունդով Լոռու մարզի Ջիլիզա գյուղից էր։ Լոռվա հրաշագեղ բնությունն անմասն չէր մնացել Գոռի ներաշխարհը ձևավորելուց․ նա նկարիչ էր։ 
 
Եղբոր խոսքով, որը նույնպես պայմանագրային ծառայող է, Գոռն անսահման է սիրել իր հայրենիքն ու առաջնորդվել Գարեգին Նժդեհի մտքերով։ Վանաձորի Մանկավարժական համալսարանում կերպարվեստի և գծագրության բաժինն ավարտելուց հետո, նա մեկնել է Արցախ՝ ժամկետային զինծառայության․ «Գոռը ցանկացել, և իր կամքով է մեկնել Արցախ, քանի որ՝ որպես միակողմանի ծնողազրուկ, նա կարող էր ծառայել Հայաստանում՝ իր բնակավայրին մոտ»։
 
 Ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, Գոռը  միանգամից մտափոխվել և որոշել է, որ պետք է դառնա հայրենիքի սահմաններն անառիկ պահողներից մեկն ու անցնի պայմանագրային ծառայության։ Նշենք, որ նա նաև քառօրյա պատերազմի մասնակից է եղել։
 
Չնայած սրան Գոռը երբեք չի դադարել նկարել ու ապրել է արվեստով։  
 
«Նկարչությամբ միշտ էր զբաղվում, նաև՝ երբ անցել էր պայամանագրային ծառայության։ Ցուցահանդես էր ուզում կազմակերպել, բայց իր  կենդանության օրոք ինչ-ինչ պատճառներով չստացվեց», - նշեց Գևորգը։
 
Սակայն, ընտանիքն անպայման պետք է իրականցներ որդու կիսատ թողած երազանքը։ Նրա զոհվելուց հետո մարտի 12-ին և 13-ին՝ նրա ընկերների օգնությամբ՝ Երևանում՝ Նկարիչների միության շենքում, նրանք կազմակերպեցին Գոռի նկարների ցուցահանդեսը։ 

Եղբոր մասին խոսելիս՝ Գևորգը հպարտորեն է նշում․«Ինձ համար մեծ պատիվ է Գոռի եղբայրը լինելը»։ Նկարագրում է նրան՝ շատ համեստ, կատակասեր ու բարի։ Ասում է՝ շատ էր սիրում հին հայկական ֆիլմերը, հատկապես, «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը, որից հաճախ մեջբերումներ էր անում ու չկար դրվագ, որն անգիր չհիշեր։
 
Գոռ Հակոբյանը պատերազմում կռվել է Զանգելանում՝ նոյեմբերի 1-ից, և զոհվել նոյեմբերի 7-ին։ Պատերազմի ընթացքում կապի մեջ է եղել ընտանիքի հետ, սակայն շատ բան չի խոսել, ուղղակի ասել է՝ լավ է ու հաղթելու են անպայման։
 
«Նոյեմբերի 7-ի առավոտյան վերջին անգամ մայրիկիս հետ էր խոսել, ասել էր՝ ամենինչ լավ է։ Ամսի 8-ից արդեն զանգ չկար։ Ծանոթներիս հետ փորձում էի կապվել, բոլորը խուսափում էին պատասխանից։ Հետո նորից զանգեցի, ասացին, որ ինչ-որ վիրավորներ կան, չեն կարողանում ճշտել՝ ովքեր են, ով որտեղ է։ Ավելի ուշ իմացա, որ Գոռը զոհվել է՝ դեռ նոյեմբերի 7-ին», - պատմեց Գևորգը։
 
Գևորգն առաջինը որ հարցրել է ՝լուրն իմանալուց հետո, եղբոր գտնվելու վայրն է ու պարզել, որ իր ծառայակից ընկերները նրան մոտ 10 ժամ սարից իջեցրել են՝ գրկած, և, որ նա արդեն Հայաստանում է։
 
«Ես Երևանում էի։ Ճանապարհվեցի գյուղ, բայց չէի ուզում մայրիկիս անմիջապես ասել։ Չկարողացա, որոշեցի սպասել այդ գիշեր, հետո նոր գնալ։ Առավոտյան ժամը 7-ի մոտակայքում մայրս զանգեց, ասաց՝ պատերազմը պրծել ա, բայց Գոռս դեռ չի զանգել․․․.»։ 
 
Գոռ Հակոբյանը հուղարկավորված է հայրենի Ջիլիզա գյուղում։
 
Սյուզի Սիրականյան