Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջափակման պատճառով մինչ այժմ Երևանում են մնացել Ստեփանակերտի երաժշտական դպրոցների 14 սաները․ երեխաները սթրեսի մեջ են, արդեն 3 օր է՝ չեն ցանկանում գնալ դպրոց. խմբակավար

Շրջափակման պատճառով մինչ այժմ Երևանում են մնացել Ստեփանակերտի երաժշտական դպրոցների 14 սաները․ երեխաները սթրեսի մեջ են, արդեն 3 օր է՝ չեն ցանկանում գնալ դպրոց. խմբակավար
Հասարակություն
18:29, 24 январь 2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտի երաժշտական դպրոցների տարբեր մրցույթների մասնակցած 14 սաներ եկել էին Երևան՝ ներկա գտնվելու մանկական «Եվրատեսիլ»-ին։ Սակայն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ նրանք պետք է վերադառնային Արցախ, նրանց տեղեկացրել են, որ ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, և մինչև օրս նրանք գտնվում են Երևանում։

Civic.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խմբակավար Անահիտ Գաբուզյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում երեխաները հաճախում էին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, սակայն վերջին երեք օրերին երեխաները սթրեսի մեջ են և չեն կարողանում դպրոց գնալ։

«Իրենք շատ սովորող երեխաներ են, նրանց մասին շատ լավ կարծիք են հայտնել դպրոցում, ուղղակի չեն կարողանում կենտրոնանալ դասերի վրա, ասում են՝ իրենց ուշքն ու միտքը Արցախում է՝ իրենց ընտանիքների հետ»,- ասաց Անահիտ Գաբուզյանը։ 

Նա նաև նշեց, որ երեխաները հուսով են՝ «Կարմիր խաչի» միջոցով կգնան տուն, «Կարմիր խաչից» եկել նրանց հետ զրուցել են և ցուցակագրել, որ հնարավորություն ստեղծվելու դեպքում երեխաներին ուղեկցեն, երեխաներն էլ սպասում են։

Հիշեցնենք, որ  հունվարի 17-ին ԼՂ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ընտանիքներից բաժանված երեխաների մի խմբի ավտոբուսը կանգնեցրել էին ադրբեջանական «էկո-ակտիվիստները», դիմակավորված ներխուժել փոխադրամիջոց և անօրինական կերպով տեսանկարահանել երեխաներին ու վախեցրել նրանց, ինչի հետևանքով երեխաներից մեկն ուշագնաց էր եղել։ Իսկ տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ադրբեջանցիները սկսել էին բղավել։ 

Լիլիթ Թադևոսյան