Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևոր զարգացումներ են տեղի ունեցել Հաց բերողի գործով․ Արմեն Չարչյանը հնարավորություն ունի այս կյանքում պատասխան տալու Արթուրի նկատմամբ իր արարքի համար

Կարևոր զարգացումներ են տեղի ունեցել Հաց բերողի գործով․ Արմեն Չարչյանը հնարավորություն ունի այս կյանքում պատասխան տալու Արթուրի նկատմամբ իր արարքի համար
Հասարակություն / Իրավունք
19:47, 24 январь 2023
Կարևոր զարգացումներ են տեղի ունեցել Արթուր Սարգսյանի (Հաց բերողի) գործով, և դեռ շատ զարգացումներ առաջիկայում կլինեն, սակայն դրանք, հատկապես վերջին շրջանում տարբեր հանգամանքների բերումով շատ չեն լուսաբանվել․ ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը։ 

«Շատերի մոտ միգուցե տպավորություն է ստեղծվել, որ այս գործով ոչ մի էական գործընթաց տեղի չի ունենում: Շատերը հույսեր են ունեցել, որ որևէ էական առաջընթաց չի լինի, ոմանք էլ ջանքեր են ներդրել, որպեսզի հնարավոր չլինի առաջընթաց ապահովել էական հարցերում:

Սրանով հանդերձ, գտնվել են մարդիկ, որոնք հավատարիմ են եղել իրենց երդմանը և արդարությանը, որոնց շնորհիվ այսօր ունենք կատարված ծավալուն աշխատանքի ևս մեկ արդյունք:

Բնականաբար այս արդյունքները չէին կարող լինել եթե չլիներ 2018թ. ժողովրդավարական հեղափոխությունը: Բնականաբար այս արդյունքները հնարավոր չէին լինի նաև առանց գլխավոր դատախազի փոփոխության: 

Այսօր ժամանակն է վերհիշել դեռևս 2021թ. կատարված գրառումս Արմեն Չարչյանի վերաբերյալ.

Արմեն Չարչյանի համար եկել է ևս մի պահ, երբ նա նորից կանգնած է իր և հանրության խղճի առջև, երբ նա հնարավորություն ունի որոշելու թե ինչպիսի մարդ է և ինչպիսի մասնագետ, որոնք են նրա արժեքներն ու ինչ արժեն դրանք և առհասարակ ինքն ինչ արժեք ունի: Արդյոք նա մարդ է, որի համար բարձրագույն արժեք է ճշմարտությունը, արդարությունը, մարդը, թե մարդ, որը պատրաստ է ցանկացած գնով կաշին փրկել:

Արմեն Չարչյանը թերևս հնարավորություն ունի այս կյանքում պատասխան տալու Արթուրի նկատմամբ իր արարքի համար, առայժմ մեզ՝ հանրությանը:

Նա պետք է որոշի` պատրաստ է, թե` ոչ, թաքնվում է պատգամավորի անձեռնմխելիության ետևում, թե կանգնում արդարադատության առջև: Այս որոշումը չափազանց կարևոր է հենց նրան որպես մարդ գնահատելու տեսանկյունից, քանի որ սա մի հարց չէ, որը ենթակա է քաղաքականացման: Սա մի հարց է, որը վերաբերում է իր «լավ բժիշկ» գործունեության շրջանում կատարած արաքին և դրա համար «թե լավ բժիշկը, թե լավ մարդը» պետք է պատրաստ լինեն պատասխան տալու: Այլապես հարց կառաջանա, թե ուր է այդ «լավ բժիշկն ու լավ մարդը»: Արդյոք այդ կոչումները հարմար են մինչև սխալի համար պատասխան տալու պահը, թե դրանք հիմնականում սխալների համար պատասխանատու չլինելու համար են հարմար:

Արմեն Չարչյանը պետք է որոշի` արդյոք ունի այն արժանապատվությունը, ազնվությունն ու կամքը պատասխան տալու իր արարքների համար, թե դրա համար նրան անհրաժեշտ է զրկել անձռնմխելիությունից և նա պատրաստ է այս  հարցով էժան և մանիպուլյատիվ շահարկումների հարմար դաշտ ստեղծելուն, նա կարող է համարձակություն և կամք դրսևորել և ինքնուրույն կանգնել արդարադատության առջև:

Ազգային ժողովի պատգամավորների գործն առավել քան պարզ և հստակ է.

Քաղաքական մեծամասնությունն առանց նվազագույն տատանման պետք է անի իրենից կախվածը արդարադատության իրականացման անկասելիությունն ապահովելու համար՝ տրամադրելով Դատախազին հայցված թույլտվությունը:

Ընդդիմադիր մանդատներ զբաղեցնողները ... Թերևս սա արդեն Արմեն Չարչյանի որոշելիքն է` կախված վերը նշված հարցերին իր պատասխաններից, եթե իհարկե նա ունի իր թիմակիցների շրջանում բավարար հեղինակություն:

Հիշեցնեմ, որ այս գործն (Չարչյանի վերաբերյալ) այն մասին է, որ երբ Արթուրն առողջական վիճակի բերումով 30.12.2016թ. ազատ էր արձակվել կալանքից (իսկ իրականում նրան հարկադրված էին ազատ արձակել, քանի որ ՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու դիմում էր ներկայացվել և այն բավարարվելու էր), իսկ դրանից հետո 23.01.2017թ․ հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ հաստատվեց, որ Արթուրը չի կարող կալանքի տակ գտնվել, այն ժամանակվա իշխանությունը, չհանդուրժելով այդ հանգամանքը, Արթուրին նորից կալանավորելու հնարավորություն ստեղծելու համար քննիչի որոշմամբ անհապաղ նշանակում է կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, որն արդեն կայծակնային արագությամբ եզրակացնում է, որ Արթուրին կարելի է կալանավորել:

Այս եզրակացությունը տրամադրվել էր 08.02.2017թ․ , ինչից անմիջապես հետո Արթուրին նորից կալանավորեցին։

Այս փորձագիտական հանձնաժողովի կազմում էր նաև պարոն Արմեն Չաչյանը։

Հետագայում արդեն Արթուրի մահվանից հետո իրականացվեց մեկ այլ փորձաքննություն, որով հաստատվեց, որ պարոն Չարչյանի մասնակցությամբ փորձաքննության եզրակացության համար հիմքեր չկային և որ այն սխալ էր: Հետագայում մի շարք այլ փորձաքննություններով ևս հաստատվեց, որ պարոն Չարչյանի մասնակցությամբ փորձաքննության եզրակացության համար հիմքեր չկային:

Տեղեկացնեմ նաև որ Արթուր Սարգսյանի գանգատով Եվրոպական դատարանը սկսել է հաղորդակցության փուլը, որի շրջանակում, ի թիվս կալանքի հիմնավորվածության և Արթուրի առողջական վիճակի և նրան տրամադրված բժշկական օգնության վերաբերյալ հարցերի, Դատարանը նաև հարցադրումներ է կատարել այն մասին, թե ինչ փուլում է գտնվում նրա մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործով քննությունը:

Հույս ունեմ որ Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է իր պատմության այն շրջանը, երբ առնվազն այս գործով մենք այլևս ստիպված չենք լինի արդարություն հայցել Եվրոպական դատարանից, այլ այն կապահովի մեր պետությունը»: