Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկը թիթեռի պես միշտ կրակն էր ձգտում, բախումների կիզակետում հայտնվում, բայց անմեղ լիներ, թե մեղավոր՝ վերջում ինքն էր հատուցում․ հիմա էլ իր զինակիցների հետ կյանքով հատուցեց` ուրիշների սխալների համար

Գագիկը թիթեռի պես միշտ կրակն էր ձգտում, բախումների կիզակետում հայտնվում, բայց անմեղ լիներ, թե մեղավոր՝ վերջում ինքն էր հատուցում․ հիմա էլ իր զինակիցների հետ կյանքով հատուցեց` ուրիշների սխալների համար
Հասարակություն
20:50, 24 январь 2023
Հունվարի 19-ին զինվորական կացարանում բռնկված ողբերգական հրդեհից զոհված 21-ամյա զինվոր Գագիկ Բարսեղյանը Գառնիից էր: Ինչպես արդեն հայտնի է համացանցից, նա 2017-ից մինչև 2022 թվականը ընտանիքի՝ հոր, մոր ու քրոջ հետ ապրել է Գերմանիայում: Գագիկը նոր ծնված եղբոր հետ շփվել է տեսազանգերով: Ճիշտ է 44-օրյա պատերազմին Հայաստանում չէր ու իր ընկերների հետ կյանքի ու մահվան կռիվ չէր տալիս, սակայն 2022-ի սկզբին վերադարձավ Հայաստան՝ ծառայելու: Ընկերների, հարազատների վկայությամբ՝ Գագիկը Հայաստանի հետ կապված էր ու ինչ էլ լիներ, սրտի կանչով ճակատագիրը նրան բերելու էր հայրենի երկիր: «Ես կարող եմ և ուզում եմ մենակ գնալ Հայաստան ու ծառայել»,- ասել էր Գագիկը ընտանիքին։

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած հարձակումների ժամանակ ինքն ու իր վաշտը պարտաճանաչ ու պատվով կատարել են մարտական բոլոր առաջադրանքները, որ պահանջվել է իրենցից որպես ինժեներասակրավորներ: 
 
Թեև նրան ճանաչողները, ընկերները, հարազատները կատարվածից ուշքի չեն գալիս, սակայն չխոսել էլ չեն կարող իրենց լուսավոր, կայտառ, խիստ յուրահատուկ ընկերոջ մասին:

Նրա դասընկեր Արսեն Հովհաննիսյանը, որը Գագիկի հետ սովորել է 2-րդից մինչև 10-րդ դասարան, ասում է՝ անբացատրելի ցավ է ապրում, չի հավատում, որ սա իրական է․ «Ես չեմ մտածում, որ ինքը չկա, ես ինձ մխիթարում եմ այն մտքով, որ այստեղ չի, երկրում չի, այնտեղ՝ Գերմանիայում է։ Մենք բացարձակ տարբեր ենք ու տարբեր նախասիրություններ ենք ունեցել, բայց ինձ համար մարդկանց հետ շփման ամենակարևոր կետը անկեղծությունն է, որն իր մեջ նկատել եմ ու սկսել եմ շփվել: Գագիկը մանրուքները կարևորող, չնչին բաներից ուրախացող, ոգևորվող մարդ էր: Փոքր տարիքում շատ էր նեղվում ծնողների բացակայությունից․ ծնողները երկար ժամանակ երկրում չէին: Ծնողների գալը շատ բան էր փոխում, սկսում էր լավ սովորել, ուշադիր լինել: Հիմա էլ ծառայության ընթացքում ծնողները Հայաստանում չէին»,- հուզված պատմում է ընկերը։ 
 
Նաև ասում է, որ Գագիկի հետ միշտ են ասոցացվել փորձանքները․ «Որտեղ փորձանք, այնտեղ՝ Գագիկը: Միշտ ամենաանհավանական բաները իր հետ կարող էին պատահել, ու երանի այս փորձանքն էլ ավարտվեր նախորդների պես»։ 

Արսենը, որպես 44-օրյա պատերազմին մասնակցած զինվոր, նշում է, որ եթե պատերազմը օրինաչափություններից դուրս է, ու մահը պատերազմում օրինչափ է, ընկալելի ու որոշ չափով հասկանալի, բայց հարաբերական խաղաղ վիճակում մահը, այն էլ երիտասարդների, որոնք զինվորական ծառայության մեջ են, անհասկանալի ու անընդունելի է իր ու առհասարակ բոլորի կողմից․ «Անթույլատրելի է յուրաքանչյուր զինվորի կորուստ, ու մեղավորները պետք է պատասխան տան: Զինվորը համակարգի ամենավերջին օղակն է, կոչումով ու պաշտոնով իրենցից բարձր բոլորը պատասխանտու են զինվորի, նրա կյանքի համար, ու այդ պատասխանատվությունը պետք է կրկնակի, եռակի լինի, հատկապես՝ այդքան շատ կորուստների պատճառ դարձած պատերազմից հետո, որը դեռ շարունակվում է»։ 

«Գագիկը, մնացած 14 տղերքը ու մնացած բոլոր ընկած զինվորները այնքան ժամանակ են ապրելու, մինչև որ մենք էլ կդադարենք գոյություն ունենալ: Հիմա մենք, մեր սերունդը պարտավոր ենք կատարել նրանց կիսատ թողած երազանքները։ Նրանք էլ են հավերժ լինելու, որովհետև սերնդեսերունդ իրենց անունները փոխանցվում են, իրենց բոլորն են հիշելու: Միևնույնն է, մարդիկ ողջ են այնքան ժամանակ, քանի չեն դադարում իրենց մասին խոսել, ժպտալ այդ  մարդկանց հիշելիս»,- ասում է Արսենը՝ նշելով, որ միշտ իր հետ է լինելու Գագիկի լուսավոր ժպիտը։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին պատմում է, որ Գագիկը զգայուն, անկեղծ, արդարամիտ, ստեղծարար, հպարտ ու միևնույն ժամանակ նրբազգաց, շփվող, խիզախ, ֆիզիկապես ու հոգեկերտվածքով ուժեղ  տղա էր, իրեն կոտրել հնարավոր չէր․ «Հիմա, որ խորհում եմ՝ ինչքա՜ն դրական գծեր կային Գագիկի մեջ, կրակ էր։ Լիդեր էր, միշտ թույլի կողքին, արդարության հետևից, համախմբող ու ընկերասեր տղա էր մեր ազնիվ Գագիկը: Ինչ որ կատարվում էր դասարանում, իրեն վերաբերում էր. առանց իր իմացության, մասնակցության՝ երևի ոչ մի բան չէր փոխվում, ոչ մի հարց չէր լուծվում: Գագիկը հոգեկերտվածքով պաշտպան էր, տիրոջ պես էր մտածում ամեն հարցում. իրենն էր համարում ուրիշների խնդիրները, հատկապես խեղճերի, մի քիչ թույլերի ու անպաշտպանների, նույնիսկ ուսուցիչների, ու հապճեպ խառնվելով՝ փորձում էր ամեն ձևով օգնել, խոսակցական լեզվով ասած՝ «դուխ տալ», ուժեղացնել, իսկ իր կամ այլ դասարանի աղջիկներին ոչ ոք չէր կարող նեղացնել, վատ բառ ասել: Հիշում եմ, որ երբ ես հուսահատության աստիճանի նեղվում էի կամ շատ էի զայրանում ինչ-ինչ պատճառներով, իր ներսից բխող շողարձակ, անմեկնելի, անուշ ժպիտով ու փոքր, ժպտացող աչքերով նայում էր դեմքիս, ու ես միանգամից դուրս էի գալիս այդ տրամադրությունից․ ուժ, ջերմություն էր հաղորդում մի փոքր վերաբերմունքով, ու մեծ թվացող խնդիրն այդ պահին իսկապես փոքրանում էր: Գագիկը հասուն մտածող, ապրումակցող, ուրիշի վիճակը միանգամից զգացող, հետաքրքրասեր, զննող մարդ էր»:  
 
Ուսուցչուհու խոսքով՝ ընդհանրապես նա այնպիսինն էր, որ դիմացինի ցանկացած լավ, գեղեցիկ արարքի, երևույթի, անկեղծ ու սիրալիր վերաբերմունքի այնպես էր արձագանքում, որ ինքնաբուխ ժպիտը միանգամից շողում էր դեմքին, սկսում էր աչքերը արագ-արագ թարթել ու ոգևորվել: Ընդհանրապես սարոյանական հերոսի գաղափարախոսության պես  աչքի համար տեսանելի բաների վրա չէր կենտրոնանում, արագ անցնում էր այդ սահմանների միջով և հետաքրքրությամբ փնտրում էր մարդկանց մեջ բարձրարժեքը, բարին, գեղեցիկը, և հետո մեծ ոգևորությամբ ցանկանում էր՝իր գտած արժեքը մյուսներն էլ ճանաչեն, զգան այն, ինչ ինքն էր զգում: 
 
«Շնորհակալ, գնահատող մարդ էր. լավությունը չէր մոռանում ու փորձում էր վերադարձնել կրկնակի, եռակի չափով, և հակառակը՝ երբ իր տված անկեղծությունը, ուշադրությունը չէր ստանում կամ հակառակ պատասխանն էր ստանում, չէր ցույց տալիս, բայց իր մեջ շատ էր տխրում, հարվածի պես էր ընդունում»,- պատմում է ուսուցչուհին։ 
 
Ընկերության մեջ շատ էր գնահատում հավատարմությունը, նվիրվածությունը, ազնվությունը, խոսքի արժեքը իմացող լինեն, որովհետև ինքն էլ էր այդպիսին: «Երբ արդեն քաղաքում էր դասերի հաճախում, հիշում եմ, ինքն ապրում էր դրամատիկ զգացում, որ մեծ քաղաքում մարդկային հարաբերությունները այն արժեքների վրա չեն խարսխված, որ ինքն է փնտրում։ Ցանկանում ունենալ, զգում էր, որ պետք է մի կողմից փոխվի, մասնիկ դառնա այդ միջավայրին, բայց մյուս կողմից՝ զգում էր անհրաժեշտություն՝ կայուն պահպանելու իր հոգևոր կառույցը պահող սկզբունքները, ներքին պահանջները, իդեալները»։
 
Ուսուցչուհին հուզմունքով զարմանում է՝ այդքան զգոն, անվախ, ուշադիր, ֆիզիկապես կոփված, պատասխանատու տղան ինչպե՞ս չի կարողացել դուրս պրծնել այդ կրակներից։  

 
«Լավ էր զգում գրականությունը, լավ հասկանում էր հատկապես գրողների չհասկացվածությունը, մենությունը: Հիշում եմ՝ մեկ-մեկ ուղարկում էր իր սիրած ստեղծագործությունները Տերյանից, Սևակից էր ավելի հաճախ մեջբերումներ առանձնացնում, երբ անպատասխան սիրահարված էր։ «Փոքրիկ Իշխանն» ու նրա մեծ ճշմարտություններն էր սիրով ցիտում: Մտածում եմ՝ եթե մի քիչ ապրեինք այդ ճշմարտություններով, հիմա այս անդառնալի կորուստը չէր լինի երևի»,- ասում է նա։ 
 
Ուսուցչուհին պատմում է նաև, որ Գագիկը չէր հանդուրժում անարդարությունը թե՛ իր, թե՛ուրիշների հանդեպ.  պայքարում էր համառորեն, անգամ իրեն վնասելով: 
 
«Պարզ է, որ շատ կռիվների մեջ էր ընկնում, թիթեռի պես միշտ կրակն էր ձգտում, բախումների կիզակետում հայտնվում, բայց անմեղ լիներ, թե մեղավոր, վերջում ինքն էր հատուցում: Հիմա էլ իր զինակիցների հետ կյանքով հատուցեց ուրիշների մեծ մեղքերի ու սխալների համար: Ինչպե՞ս կարելի է մարդկային կյանքի հանդեպ աղետալի անփութություն ցուցաբերել․․․Չգիտեմ որտեղ է խնդիրը․ երևի պատերազմի բերած խաթարումներն են, կրթության, պատասխանատվության, դաստիարակության, արժեքների պակասի մեջ է խնդիրը: Ես հավատում եմ աստվածային արդարադատությանը և համոզված եմ՝ Գագիկը, որը ցանկանում էր իրավաբան դառնալ, նրա պատկերացրած արդարությունը կհաստատվի՝ մարդկային օրենքներից դուրս, թե գրված օրենքով»:
 
Ուսուցչուհու խոսքով՝ Գագիկը, չգիտես ինչու, անբնական ձևով ձգտում էր շուտ մեծանալ, անել այն, ինչ իրենից մեծերն էին անում, հասկանալ այդ աշխարհը, շտապում էր սիրել, շտապում էր ապրել...«Ռեփ երաժշտություն էր սիրում լսել ու ոչ միայն նմանակում էր ռեփերներին խոսվածքով, պահվածքով, այլև ինքն էր փորձում ռեփ գրել, որոշ տեքստերը ինձ էր ցույց տալիս, որ մի քիչ խմբագրեի, բայց վերջում ստացվում էր իր ուզածից շատ տարբեր գրական արտահայտություններով ինչ-որ բան»: 
 
Ուսուցչուհին պատմում է, որ այդ երգերում Գագիկը բավականին հասուն հայացքով էր դիտում և խորհում կյանքի, սոցիալական անարդարության, մարդկային հարաբերությունների, ընկերության, սիրո, մարդու հոգին վնասող երևույթների մասին․ «Ափսոս, բոլոր տեքստերը չեն պահպանվել զրուցարանում, սակայն ընդհանուր հիշում եմ, որ 14-ամյա Գագիկը հատկապես բողոքում, անհամաձայնությունն էր հայտնում, որ մարդիկ չեն հասկանում ամենակարևոր ու թանկ բաների՝ մարդկանց արժեքը, ձգտում են ավելի շատ կեղծ, նյութական արժեքների, անիմաստ բաների հետևից են վազում։ 

«Հետահայաց ինձ համար տխուր զուգադիպություն ու զարմանք է պատճառում, որ Գագիկը 14 տարեկանում արդեն մտածում էր կյանքի անցողիկության, լավ համբավով, բարի արարքներով հետագիծ թողնելու, իր տված սիրով ու արժեքներով մնալու, հավերժանալու, ձգտում էր հայտնի մարդ դառնալ, գուցե հայտնի բռնցքամարտիկ: Կյանքը կարճ ու փոփոխական է, չգիտես՝երբ, ինչ կլինի՝ պիտի կարողանաս մարդ մնալ, ինչքան կարող ես, լավություն անես հարազատ մարդկանց…Լավ անունն ու պայծառ հուշերը կան, միայն ինքը չկա, իրենը իր գյուղի, հայրենիքի ազատամարտիկների կողքին անունը հավերժացնելն էր,-հուզվում է ուսուցչուհին և շարունակում,- մեզ մնում է նրա հիշատակը վառ պահել՝ նրան մեր մեջ վերագտնելով նորովի, նրա արժեքները, սերը, կյանքն ու մահը վերաիմաստավորելով, նրա անավարտ թողած կյանքն ու երազանքները շարունակել այնպես, որը նրան կպարգևեր իր անմոռանալի, խորհրդավոր լուսե ժպիտը։ Գագիկը, իր ընկերները և մնացած նահատակ տղաները, բոլորն էլ մեր կյանքի լուսատուներն են»:
 
«Խորը ցավ ու ափսոսանք եմ ապրում: Գագիկը, չնայած բարձր ատաջադիմություն չուներ, բայց մարդկային բարձր որակների տեր էր. Բարի, կամեցող սիրտ ուներ, ընկերասեր էր: Իմ ամենալավ ու առանձնահատուկ աշակերտներից մեկն էր: Մտածող էր, ձգտում էր միշտ առաջինը լիներ դասարանում, դպրոցում լիդերության էր ձգտում, ազնիվ էր, չէր սիրում կեղծավորություն: Այդպիսի էներգիայով մարդը չէր կարող խելոք, հանգիստ լիներ, չարաճճի էր, երբեմն չլսող, բայց շատ կարևոր հատկություն ուներ՝ հարգանքով էր վերաբերվում ուսուցիչներին, մարդկանց»,- խոսքն ամփոփեց դասղեկ Մելքոնյանը:

Թամարա Ղազարյան