Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի․ հրդեհային անվտանգության խախտումները չեն վերացվել

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի․ հրդեհային անվտանգության խախտումները չեն վերացվել
Հասարակություն
22:13, 24 январь 2023
Հանրապետության տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկտների նկատմամբ, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ և հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ, տեսչական մարմինն այսուհետ անողոք կլինի և գործունեության կասեցման կամ շահագործման դադարեցման մասին որոշումներ կայացնելիս չի վարանի։ Առևտրի ամենառիսկային կենտրոններից մեկի՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի։ Տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ժամանակավոր կացարանում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհն, ըստ պետական մարմինների, ծագել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Սա վերջին մեկ տարվա ընթացքում  արդեն երկրորդ դեպքն է, երբ բանակում հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով հրդեհ է բռնկվում։ Մոտ կես տարի առաջ՝ հուլիսի 17-ին, Սիսիանի դիրքերում դարձյալ այրվել էր զինվորների կացարանը, և այրվածքներ ստանալու հետևանքով մահացել էր ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը։  

Կես տարուց պակաս ժամանակահատված էլ անցել է ողբերգական մեկ այլ պատահարից ՝ Սուրմալուի պայթյունից, որը նույնպես հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանք էր և մոտ երկու տասնյակ մարդու մահվան պատճառ դարձավ։
Որպես կանոն՝ ողբերգական յուրաքանչյուր պատահարից հետո հրդեհային անվտանգության նորմերի պահպանմանն ու դրանց վերահսկողությանը  վերաբերող հարցերն առաջին պլան են մղվում, ժամանակի հետ՝ դարձյալ անուշադրության մատնվում։
Ի՞նչ դասեր ենք քաղել, օրինակ, Սուրմալուի աղետից, և արդյո՞ք վերահսկողությունն իսկապես ուժեղացվել է։ Առևտրի բոլոր խոշոր կենտրոնները քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խիստ հսկողության տակ են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացնում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը և նշում, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։ Դրանցից մեկն, օրինակ, այն է, որ եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի։ Թերությունների հայտնաբերմանն անմիջապես  հաջորդում է գործունեությունը կասեցնելու որոշումը։

«Սկզբունքորեն փոխվել է մոտեցումը։ Ավելի շատ հրդեհասպառնալից իրավիճակներ արձանագրելու դեպքում միանգամից  գործունեության դադարեցման կարգադրագիր է տրվում։ Բնականաբար, պետական այլ մարմինների հետ համագործակցության միջոցով պետք է գործունեությունը միանգամից դադարեցվի, մինչև արձանագրված խախտումները տնտեսվարողի կողմից չշտկվեն և պատշաճ վիճակի չբերվեն»։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո վերստուգում իրականացվեց հարևանությամբ գործող «Փեթակ» առևտրի կենտրոնում։ Տեսչական մարմնի մասնագետներն ավելի վաղ նաև այնտեղ էին խախտումներ հայտնաբերել, կասեցման որոշում տվել։ Մինչ օրս, սակայն, կենտրոնը շարունակում է գործունեությունը։

«Ծանուցվելուց հետո տնտեսվարողը ներկայացրեց, որ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ներկայացրեց հավաստող փաստաթղթեր, նաև տեղում ուսումնասիրվեց տեսչական մարմնի կողմից, իսկ  մնացած աշխատանքները, որոնք դեռ ավարտին չեն հասցվել, մեծ ծավալով ընթանում են։ Մասնագետների կատարած աշխատանքին բավարար գնահատական տրվեց, որպեսզի իրավիճակը հրդեհասպառնալից չորակվի, և հիմնական անվտանգային միջոցառումները, որոնք ուղիղ սպառնալիք էին մարդու կյանքին, այդ մասով խախտումները վերացվել էին»։

Ի տարբերություն «Փեթակ»–ի՝ «Մալաթիա» տոնավաճառում տեսչական ստուգումները դրական արդյունք չեն արձանագրել։ Որոշումն արդեն կա․տոնավաճառի գործունեությունը պետք է կասեցվի։
«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին, և  աշխատանքը ներկայացրել էր կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրվեց տեսչական մարմնի կողմից և գնահատվեց ոչ բավարար։ Այսինքն՝ հիմնական սպառնալիքը դեռ պահպանվում էր։ Տնտեսվարողին անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»։

Հակահրդեհային ինքնաշխատ համակարգ, հրդեհի ազդանշանման համակարգ, կրակմարիչներ, հրդեհաշիջման համակարգեր, հակահրդեհային ավազաններ, հիդրանտներ, դեպի դուրս բացվող դռներ, տարհանման պլան և այլն․ սրանք այն հիմնական նորմերն են, որոնք խիստ պարտադիր են առևտրի խոշոր կենտրոնների համար, բայց հաճախ չեն պահպանվում։ Սա փաստում են նաեւ տեսչական ստուգումները։

Թե վերջին 6 ամսվա ընթացքում հանրային քանի օբյեկտում և խոշոր առևտրի կենտրոնում են խախտումներ հայտնաբերել, զրուցակիցս դժվարանում է կոնկրետ թվերով նշել՝ վկայակոչելով գործընթացի շարունակականությունը։ Վերահսկողությանը զուգահեռ գույքագրում է տեղի ունենում։ Տեսչականի պետի տեղակալը չի հերքում՝ ոլորտում խնդիրները բազմաթիվ են։ Վերահսկողությունն այժմ ոչ միայն մայրաքաղաքի հանրային խոշոր կենտրոններում է ուժեղացվել, այլև՝ մարզերում։

Օրերս քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ տեղի ունեցած արտահերթ աշխատանքային խորհրդակցության ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարական է տրվել սեղմ ժամկետներում հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողական խիստ գործառույթներ իրականացնել նաև մարզերում։ Հանրապետության տարածքում գործող քաղաքացիական բոլոր խոշոր օբյեկտների նկատմամբ, որտեղ հնարավոր են մարդկանց մեծաքանակ կուտակումներ և հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ, տեսչական մարմինն այլևս անողոք կլինի և չի վարանի գործունեության կասեցման կամ շահագործման դադարեցման որոշումները կայացնելիս։ Պահանջը շատ խիստ է դրված՝ ասում  է զրուցակիցս և  հավաստիացնում՝ որտեղ մարդու կյանքին սպառնացող վտանգ գա, կոմպրոմիսի մասին խոսք  լինել չի կարող։