Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասի կացարանի հրդեհից տուժած կապիտանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

Զորամասի կացարանի հրդեհից տուժած կապիտանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ
Հասարակություն
14:24, 30 январь 2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած և Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող երրորդ զինծառայողը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Նշենք, որ խոսքը կապիտանի մասին է, որը հրդեհից հետո ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Այրվածքաբանական հիվանդանոց։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում էր ծանր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

Քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել 2-րդ բանակային կորպուսի թիկունքի և կոմունալ ծառայության բրիգադի հրամանատարի տեղակալ Գոռ Աղեկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։