Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն օգնում է Իսրայելին՝ նրա համար ապահովելով Իրանին հարվածելու ճանապարհ. իրանցի նախկին լրագրող

Ադրբեջանն օգնում է Իսրայելին՝ նրա համար ապահովելով Իրանին հարվածելու ճանապարհ. իրանցի նախկին լրագրող
Հասարակություն
19:30, 30 январь 2023
Հունվարի 28-ի ուշ երեկոյան անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իրանի Սպահան քաղաքի ռազմարդյունաբերական գործարանին։ 

Сivic.am-ի հետ զրույցում իրանցի Բաբաք Աշթարին, որը երկար տարիներ Իրանում աշխատել է որպես լրագրող, նշեց, որ Իրանի պաշտպանության նախարարության զինամթերքի օբյեկտը գտնվում է Սպահան քաղաքի հյուսիսում՝ գրեթե կցված է քաղաքին:
Ըստ Իրանի ՊՆ հաղորդագրության՝ տուժածներ չկան։  

Մեր զրուցակիցը հիշատակեց, որ իսրայելական մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ Իսրայելն է անօդաչու թռչող սարքերով հարձակվել Իրանի վրա: «Բայց Իրանը կհերքի այս վարկածը։ Իրանը պնդում է, որ իր անվտանգության համակարգն ամենաապահովն է տարածաշրջանում։ Ոչ մի լրտես ի վիճակի չէ ներթափանցել պաշտպանված օբյեկտներ կամ բազաներ։ Մինչդեռ հաստատելով այս տեսակ՝ անօդաչու թռչող սարքերով հարձակումները, որոնք կամ Ադրբեջանից պետք է թռչեն Սպահան կամ այլ քաղաքներ, նշանակում է՝ Իրանի իշխանությունները բառացիորեն ընդունում են, որ երկիրն անպաշտպան է, և նրանք ի վիճակի չեն պաշտպանելու իրենց ռազմակայանները»,- նշեց մեր զրուցակիցը։  

Բաբաք Աշթարիի խոսքով՝ հատկապես հիմա, երբ Իրանի ժողովուրդը Իրանի ներսում և նրա սահմաններից դուրս պատրաստվում է փոխել իշխանությունը, իսլամական վերնախավը կարիք ունի աշխարհին ցույց տալու, որ ռեժիմը դեռ գործում է և ապահով է։

Մեր զրուցակիցն անդրադառնալով հարցին՝ իրականում ի՞նչ են ուզում Իսրայելն ու Ադրբեջանն Իրանից, նշեց, որ Իսրայելը ցանկանում է դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը, քանի որ վտանգ է զգում Իրանից: «Իսկ Ադրբեջանը պնդում է, որ Իրանի ադրբեջանական նահանգը պատմականորեն իրեն է պատկանում։ Բաքվի ռեժիմն իր համար կեղծ պատմություն է ստեղծել։ Պարոն Ալիևը կարծում է, որ իր ներկայիս երկիրը մեծ կայսրություն էր, և Իրանի շատ տարածքներ պատկանում են այդ երկրին։ Իհարկե, իրանցիները ծաղրում են այս հալյուցինացիան, բայց ադրբեջանցիներն այսպես են մտածում»,- հավելեց նա։

Նշենք, որ անօդաչու թռչող սարքերով Իրանի պաշտպանական օբյեկտների վրա հարձակմանը նախորդել էր զինված հարձակում Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հունվարի 27-ին այդ հարձակումից սպանվել էր Ադրբեջանի դեսպանատան անվտանգության աշխատակիցը։ 

Իրանի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ հարձակվողը ձերբակալված է և որպես մեղադրյալ ցուցմունք է տվել՝ ասելով, որ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական և ընտանեկան դրդապատճառներով։

Բաբաք Աշթարիի խոսքով՝ եթե Ադրբեջանն առաջիկա օրերին Թեհրանից հանի դեսպանատան իր բոլոր աշխատակիցներին, այդ ժամանակ կարող ենք ասել, որ ճգնաժամը մեծանում է. «Հատկապես, որ Ադրբեջանն օգնում է Իսրայելին՝ նրա համար ապահովելով Իրանին հարվածելու ճանապարհ»։

Նշենք, որ Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սպահանում գտնվող իր օբյեկտներից մեկի վրա հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակումը, սակայն այն անվանել է «անհաջող հարձակում» և պատասխանատվություն չի վերագրել որևէ կոնկրետ երկրի կամ խմբի:

Նարա Մարտիրոսյան