Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում եմ երկար մազերով տիկնիկ, շորիկ, գնդակ, մեկ էլ՝ շա՜տ-շա՜տ, որ պապան գա․ Տաթևն իր 4 երեխայի ու սկեսուրի հետ մնացել է միայնակ, լքված. ընտանիքին անհրաժեշտ է վարձով տրվող էժան կացարան. տեսանյութ

Արդեն երկու տարի Տաթևը, նրա սկեսուր Նաիրան, 4 մանկահասակ երեխաները ապրում են մի դժգույն իրականության մեջ, որը դժվարությամբ տուն հիշեցնող մի փոքր ու նեղ սենյակի չափ կիսախարխուլ շինություն է՝ կիսաշեն պատերով, կիսածածկ առաստաղով, առանց պատուհանների, առանց կոմունալ որևէ հարմարության, առանց ջրի, գազի:

Տան կանանց պատմելով՝ երբ այստեղ են տեղափոխվել, տեսնելով նվաստացուցիչ պայմանները, համոզված են եղել, որ մի քանի ամսից կկարողանան հարմարվել, որ ժամանակավոր դժվարություն է, կդիմանան, մինչև կաշխատեն, գումար կհավաքեն ու մի քիչ նորմալ կացարան կգտնեն, սակայն, ցավոք, պարզվել է, որ ժամանակավորը, անդիմացկունը Տաթևի ու ամուսնու ընտանեկան միությունն էր։

Հաշվի չառնելով կնոջ հղի լինելը, ամուսինը հեռացել է տանից՝ առանց  բացատրությունների, առանց պատճառ նշելու: Ու քանի որ ամուսինը սեփական ընտանիքի որևէ հոգս չի հոգում, ցանկություն էլ չունի, այստեղից դուրս գալու հույսը գնալով փոքրանում է, ու ստիպված դիմում են այլ մարդկանց գթասրտությանը:
 
Նաիրան ասում է, որ ինքը այս անընդունելի արարքից հետո տղայի հետ որևէ խոսակցություն չի ուզում ունենալ. չի ներում, չի համակերպվում 4 մանկահասակ երեխաներին մենակ, անհայր թողնելու արարքի հետ։ Իսկ իր համար թոռները իր կյանքի իմաստն են, որևէ վայրկյան մտքի ծայրով չի անցել տղայի հետ թողնել-գնալ: «Ո՞նց կարող եմ իմ թոռներին թողնել այս վիճակում ու նրանցից հեռու՝ ինձ համար անհոգ ապրել»,- ասում է տատը։

Երկու տարի է՝ Նաիրան դարձել է ընտանիքի և՛ տատը, և՛ հայրը, և՛ մայրը. նա է տան միակ աշխատողը, պահողը։ Ամեն օր մաքրություն անելով կարողանում է ապահովել երեխաների սնունդը, ջերմությունը, կոմունալ կարիքները։
 
Տիկին Նաիրայի աշխատավարձից բացի՝ պետությունից ստանում են նպաստ 50.000 դրամի չափով: Շենգավիթի թաղապետարանն է երբեմն օգնություն ցուցաբերում սնունդի, տնտեսական ապրանքների ձևով, բայց մինչ օրս չեն օգնել ընտանքին՝վառելիք ձեռք բերելու, իսկ եղած պաշարները շուտով կսպառվեն։ Աջակցություն են ստացել նաև «Հանուն ժողովրդի բարօրության» բարեգործական հասարակական կազմակերպությունից:

Տան անհարմարության և փոքրության պատճառով նաև երեխաներից ամենափոքրը՝ 2 տարեկան չարաճճի Լուսինեն, ընկել է վառարանի վրա, որը խոր հետք է թողել գեղեցիկ աղջկա դեմքին և լուրջ վնաս հասցրել դեմքի հյուսվածքներին:

Կենսուրախ, ժպտերես 7-ամյա Լիանան և 6-ամյա Նառան սիրով դպրոց են հաճախում ու լավ են սովորում, իրենց վիճակից առանձնապես չեն տրտնջում, անգամ տան փոքրությունը, անհարմարավետությունը չի նեղում: Ժամանակի մեծ մասը դրսում խաղալով են անցկացնում: Նրանց սենյակի առաստաղից դեռ կախված են ամանորյա փուչիկները, բայց միայն դա չէ, որ մնացել է Ամանորից, այլև չիրականացած ցանկություն, որին դեռ սպասում են աղջիկները, իսկ արդեն փոքրացած սպիտակ փուչիկները մոռացնել չեն տալիս, որ Նոր տարուն Ձմեռ պապից նամակով խնդրել են մեծ տիկնիկներ, խաղալիք ու զգեստներ. «Բայց Ձմեռ պապին երևի մոռացել է»,- ասում են աղջիկները ու սպասում, որ մի օր անպայման կբերի  իրենց խնդրածը։ 

Մի ցանկություն կար, որ բոլորի՝ Ֆեդյայի, Լիանայի, Նառայի, մեծ Նաիրայի  համար նույնն էր. նրանք շատ են ուզում, որ հայրիկը շուտ-շուտ գա իրենց տեսության, շատ են զգում նրա կարիքը:
 
Օգնության համար կարող եք զանգահարել Տաթև Խուդոյանին 093192981 հեռախոսահամարով։ 
Հասցե՝ Նոր Խարբերդ, Ամառանոցներ, 6-րդ փողոց, 70/60 տուն:
 
Թամարա Ղազարյան