Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքների համար ներգրավել է բոլոր միջոցները. քաղաքապետարանը պատրաստ է ձյան տեղումներին․ տեսանյութ

Տարին տեղումների առումով պասիվ էր։ Միայն հունվարի վերջին մի քանի օրերի ընթացքում Երևանում տեղաց առաջին, համեմատաբար  խոշոր ձյունը։ Հիդրոօդերևութաբանները, սակայն, կանխատեսում են, որ փետրվար ամիսը համեմատաբար ավելի տեղումնառատ կլինի։

Տեղացած ձնից հետո Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանիտարական մաքրման և կանաչապատման ՀՈԱԿ-ները իրականացրել են փողոցների, մայթերի և հանրային այլ վայրերի ձնամաքրման աշխատանքներ։  Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ հունվարի 28-29-ին տեղումները ինտենսիվ չեն եղել, համակարգը պատրաստ է եղել, աշխատանքները բնականոն հունով իրականացվել են։

Այս պահի դրությամբ էլ ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավարի պահպանություն» ՀՈԱԿ-ի  Կենտրոն վարչական շրջանի տեղամասի պետ Միքայել Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ այգիներում, պուրակներում, մաքրվում են անցումների աստիճանները, իրականացվում են ճանապարհների՝ աղով և ավազով մշակման աշխատանքներ։ 

Այս օրերի ընթացքում ձնամաքրման աշխատանքների համար ներգրավվել են ընհանուր առմամբ 38 բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոց, 8 տրակտոր, երկու ինքնաթափ և 3 СAT մակնիշի մաքրող մեքենա։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան