Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մալաթիա» տոնավաճառը կվերաբացվի այն ժամանակ, երբ բոլոր շտկումներն արված կլինեն՝ հայտնում են տեսչական մարմնից, իսկ տնօրենը դա անհնար է համարում

«Մալաթիա» տոնավաճառը կվերաբացվի այն ժամանակ, երբ բոլոր շտկումներն արված կլինեն՝ հայտնում են տեսչական մարմնից, իսկ տնօրենը դա անհնար է համարում
Հասարակություն
18:04, 31 январь 2023
«Մալաթիա» տոնավաճառը փետրվարի 1-ին կփակվի։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հունվարի 18-ից մինչև փետրվարի 1-ը ժամանակ էր տվել առևտրի կենտրոնի տնօրինությանը՝ ապրանքները տեղափոխելու համար։ 

Տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը Civic.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ ստուգումների ընթացքում առևտրի կենտրոնում արձանագրել են հրդեհային անվտանգության կանոնների 17 խախտում, և դրանք վերացնելու համար տնտեսվարողը ուներ 1,5 տարի ժամանակ: «2021թ. իրականացրել ենք հրդեհային և տեխնիկական անվտանգության ստուգում և արձանագրել էինք մեկ տասնյակից ավելի խախտումներ ու տվել էինք կարգադրագիր, իսկ կարգադրագրի ժամկետը 2022թ. օգոստոսին լրացել է։ Ստուգման արդյունքում պարզել ենք, որ խախտումներն ամբողջությամբ վերացված չեն, որոշ խախտումներ էլ, որոնք որ վերացվել են՝ չեն համապատասխանում սահմանված նորմերին։ Ըստ այդմ՝ կայացվել է տոնավաճառի գործունեության դադարեցման որոշում»,- ասաց նա։  

Տեսչական մարմնի մամուլի քարտուղարի դիտարկմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառի տնօրենն այս ընթացքում էլ ուներ 10 օրից ավելի ժամանակ, որպեսզի շտկեր խախտումները: «Գործունեությունը դադարեցնելուց հետո էլ կարող է վերացնել խախտումները։ Տոնավաճառը կվերաբացվի այն ժամանակ, երբ շտկումները՝ բոլորն արված կլինեն։ Այդ դեպքում նոր տեսչական մարմինը կվերանայի իր որոշումը»,- նշեց Ելենա Զոհրաբյանը։

Հարցին՝ այս պահի դրությամբ, բացի «Մալաթիա» տոնավաճառից, այլ առևտրի կետրոններ կա՞ն, որոնց գործունեությունը նախատեսվում է դադարեցնել, մեր զրուցակիցն արձագանքեց. «Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է խիստ հանձնարարական՝ սեղմ ժամկետներում հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողություն իրականացնել հանրապետության տարածքում գործող խոշոր օբյեկտներում, այն բոլոր հատվածներում, որտեղ կան մարդկանց մեծաքանակ կուտակումներ։ Եթե արձանագրվեն խախտումներ, բնականաբար կկայացվի կասեցման որոշումներ։ Այս պահին չեմ կարող ասել, թե հաջորդը որ օբյեկտի դեպքում նման որոշում կկայացվի»։

Մեր այն հարցին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը գործում է, չնայած ամիսներ առաջ տեղի ունեցած ողբերգական պայթյունին, արդյոք այնտեղ հրդեհային անվտանգության կանոնները պահպանվո՞ւմ են, Ելենա Զոհրաբյանը պատասխանեց. ««Սուրմալու» առևտրի կենտրոնի դեպքն առանձին դեպք է։ Պայթյունից հետո հարուցվեց քրեական գործ, տեսչական մարմինը քրեական գործի շրջանակներում դատախազության ու քննչական կոմիտեի միջնորդության հիման վրա նորից իրականացրել է ստուգում, արձանագրել է խախտումներ և խախտումների ամբողջ փաթեթը տվել է վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հետագա գործունեության ճակատագիրը վարույթն իրականացնող մարմինը որոշի։ Եթե կա հարուցված քրեական գործ, տեսչական մարմինը չի կարող վարույթ իրականացնել, չի կարող տուգանել, չի կարող կասեցման որոշում կայացնել՝ դա քրեական վարույթն իրականացնող մարմնի տիրույթում է»։    

Նշենք, որ «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը օրերս «Սպուտնիկ Արմենիա» լրատվականին հայտնել էր, որ 17 խախտումներից ընդամենը 5 խախտում չի վերացվել: «Խախտումներ կան, որոնց հետ ես համաձայն չեմ, ու դրանք անհնար է վերացնել։ Օրինակ՝ ասում են, որ ըստ 2015 թվականին ընդունված որոշման՝ տաղավարները շենք-շինություններից պետք է ոչ պակաս, քան 8 մ հեռավորության վրա լինեն։ Հարցն այն է, որ այս տոնավաճառը կառուցվել է 1990-ական թվականներին։ Նշանակում է ամբողջությամբ պետք է քանդե՞մ, որ իրենց ասածով կառուցեմ։ Ասում են՝ տոնավաճառը վտանգավոր է։ Ինձ մոտ ամեն ինչ այնպես է արված, որ ոչ մի վտանգավորություն չկա։ Այստեղ մեծ հրդեհ եղել է, բայց ոչ մի քաղաքացի չի տուժել»,- ասել էր Ավետիսյանը։  

«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը նաև նշել էր, որ կան խոսակցություններ, ըստ որոնց՝ Սամվել Ալեքսանյանը և Խաչատուր Սուքիասյանը ուզում են տարածքը վերցնել ու շենք սարքել։

Մենք կապ հաստատեցինք նաև Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանի հետ, սակայն նա այդ խոսակցությունները ցնդաբանություն որակեց՝ շեշտելով, որ Սուքիասյանը նման նպատակ չունի։

«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը իր խոսքում ընդգծել էր, որ տոնավաճառում 520 տաղավար է գործում։ 

Արդյոք պետության կողմից այլընտրա՞նք է առաջարկվելու տոնավաճառի աշխատակիցներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ ձեռներեցության և գործարար միջավայրի վարչության իրավասության շրջանակում  փոխհատուցման հարց չի քննարկվում։  

Նարա Մարտիրոսյան