Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր շուկաները պետք ստուգվեն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի և՛ այն մարդիկ, որոնք բիզնես են անում այդ տարածքներում, և՛ այցելուները, ամբողջությամբ պաշտպանված լինեն․ Վահան Քերոբյան

Բոլոր շուկաները պետք ստուգվեն, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի և՛ այն մարդիկ, որոնք բիզնես են անում այդ տարածքներում, և՛  այցելուները, ամբողջությամբ պաշտպանված լինեն․ Վահան Քերոբյան
Հասարակություն
18:32, 01 февраль 2023
«Ես կարծում եմ, որ այն ինչ հրապարակված է պաշտոնական տեղեկանքներում կամ պաշտոնական հաղորդագրություններում, դա հենց այդ նպատակն է։ Եվ դուք գիտեք, որ վերջերս երկու ողբերգական դեպք ունեցանք, Սումալուի և սահմանամերձ Ազատ գյուղի դեպքը։ Եվ այդ երկու դեպքերը հիմք են, և նաև մեր բոլորիս ահազանգ են հանդիսանում, որպեսզի մենք հետևենք և ստանդարտներին համապատասխանության ստուգումն ավելի խստացնենք և այնպես անենք, որ անվտանգային բոլոր ստանդարտները պահպանված լինեն նմանատիպ օբյեկտներում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Մալաթիայի շուկայի փակման մասին՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա նշեց, որ օրենքի սահմաններում ընդունվել է ամենախելամիտ որոշումը, և շուկայում լինելու դեպքում կտեսնեք, որ նաև մարդկանց համար, ովքեր այնտեղ աշխատում են, վատ աշխատանքային պայմաններ են ապահովված, ինչ վերաբերում է այդ մարդկանց, ապա մոտակայքում կան առևտրի կենտրոններ, որտեղ կարելի է հանգիստ տեղ ճարել և շարունակել իրենց բիզնես գործունեությունը։

«Ես կարծում եմ, որ բոլոր շուկաները պետք ստուգվեն և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ՀՀ քաղաքացիները, թե այն մարդիկ, որոնք բիզնես են անում այդ տարածքներում, թե այցելուները ամբողջությամբ պաշտպանված լինեն։ Եվ դա պետք է հետևողականորեն ավելի խստացվի, տուգանքների պատասխանատվության չափը պետք է փոխվի, որպեսզի մենք կարողանանք ի վերջո հասնել մարդկանց կյանքի որակի փոփոխությանը և ամբողջությամբ պաշտպանված լինեն»,- ասաց Վահան Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում