Քաղաքացիակենտրոն
լրատվություն

««Մալաթիա» տոնավաճառում անվտանգության խախտումները վերացնելու համար 200.000 դոլարից ավելի գումար է պետք, կարող է ասեմ՝ չեմ կարող դրա տակ մտնել». տոնավաճառի վերաբացումը հարցականի տակ է

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցված է։ Տոնավաճառում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացված չեն։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ 

Թեպետ տեսչական մարմնի կողմից «Մալաթիա» տոնավաճառի տնօրինությանը հունվարի 18-ից մինչև փետրվարի 1-ը ժամանակ էր տվել ապրանքները տեղափոխելու համար, սակայն տաղավարները դեռևս լեցուն են ապրանքներով։

«Ոչ մեկն էլ չի տեղափոխել ապրանքը տեղում ա, սպասում ենք, որ պետք ա բացեն ու աշխատենք։ Մենք շատ գոհ ենք մեր տնօրենից, շատ լավ նայում ա աշխատողներին, ուղղակի այս հրդեհային անվտանգության կանոնները, որ չի եղել՝ դրա համար անիմաստ էր փակելը»,- ասում են աշխատակիցները։

Տնտեսվարողները տեսչական մարմնից ակնկալում են վերանայել կասեցման որոշումը, կրկին ժամանակ տրամադրել տնօրինությանը, գործունեության հետ համատեղ խախտումները վերացնելու համար։

Տնտեսվարողների խոսքով՝  որպես տաղավարի վարձակալության գումար տոնավաճառի տնօրինությանը վճարում էին ամսական 60․000-ից 80․000 դրամ, ինչը չափազանց ձեռնտու վարձավճար են դիտարկում՝ ի տարբերություն այլ տոնավաճառների։ Նրանց խոսքով՝ իրենց ապրանքը քիչ է, «Մալաթիա» տոնավաճառի տաղավարներն էլ փոքր են ու հարմարավետ, մինչդեռ այլ տոնավաճառներում մեծ տաղավարներ են ու թանկ գներ․ «Գնացել ենք, հարցնում ենք՝ ասում ենք ինչքան ա խանութի գինը, ասում են 1մլն դրամ»։ 

Տնտեսվարողները պատրաստ են չընդդիմանալ միայն մեկ պարագայում, եթե պետությունն իրենց գործունեությունը շարունակելու համար համարժեք այլընտրանք առաջարկի․ «Ամեն մեկն ունի ընտանիք, հիվանդ մայր, երեխա, հիմա էդ մարդկանց դուրսը թողելով հո չի՞, փակեն ասեն՝ հելեք գնացեք։ Եթե այլընտրանք կա, էս ժողովրդին տեղափոխեն որևէ շուկա, մենք էդտեղ կարող ա կոմպրոմիսի գնանք»։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն այսօր ընդունել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանին ու մի քանի աշխատակիցների։ 

Համաձայնության են եկել արձանգրված 17 խախտումներից հրատապ ուշադրության արժանացնել առաջնային խնդիրները, որոնք սպառնալիք են հրդեհների առաջացմանը։ 

Տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ առաջնային խախտումներից են, օրինակ, տարհանման ելքերի, էլեկտրամոնտաժման համակարգի խնդիրները, ինչպես նաև տոնավաճառի ներքին ջրամատակարարման ցանցը պետք է համապատասխանեցվի սահմանված պահանջներին, նաև դյուրավառ նյութեր կան, որոնք պետք է հեռացվեն։  Սակայն ամենաբարդ խնդիրներից մեկը տաղավարների միջտարածքային համապատասխան հեռավորություն ապահովելն է։ 

«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը համաձայնվել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան մասնագետների ներգրավմամբ կազմեն նախագծա-նախահաշվային փաստաթղթեր։ Հաշվարկելուց հետո միայն տնօրենը կարող է ասել՝ պատրա՞ստ է արդյոք այդ ծավալի ներդրում կատարելու, թե՝ ոչ։ «Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, եկել է այն եզրահանգման, որ եթե սեղմ ժամկետներում տնօրինության կողմից ներկայացվի, որ իրենք պատրաստ չեն ներդրում իրականացնել՝ ապա տոնավաճառը չի վերաբացվի»,- ասում է Ելենա Զոհրաբյանը։  

Նրա խոսքով՝ «Մալաթիա» տոնավաճառում դեռևս 2021թ. Է իրականացվել հրդեհային և տեխնիկական անվտանգության ստուգում, որի ժամանակ էլ արձանագրել է 17 խախտում։ Այդ ժամանակ կարգադրագիր են տվել, որի ժամկետն էլ լրացել է 2022թ. օգոստոսին։

Այնուհետև ստուգման արդյունքում պարզել են, որ խախտումներն ամբողջությամբ վերացված չեն։ 

«Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց այս պահին էլ տոնավաճառում է, սպասում է տեսչական մարմնի աշխատակիցները գան և ցույց տան, թե ինչ շտկումներ պետք է արվեն, սակայն նախնական հաշվարկով 200․000 դոլարից ավելի գումար է պահանջվում։ Թե ինչու մինչ այս պահը խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել՝ տնօրենը նշում է՝ ֆինանսական մեծ բեռի պատճառով։
 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարա Մարտիրոսյան