Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանի գիշերը դանակահարված սանմաքրման աշխատակիցներից մեկին վիրահատել են․ հիվանդանոց է այցելել քաղաքապետը

Երևանի քաղաքապետարանի գիշերը դանակահարված սանմաքրման աշխատակիցներից մեկին վիրահատել են․ հիվանդանոց է այցելել քաղաքապետը
Հասարակություն
16:06, 02 февраль 2023
Երեկ գիշեր՝ իրենց աշխատանքը կատարելիս, դանակահարվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից: Վերջիններին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դանակահարված քաղաքացիներից մեկն ունեցել է անոթների, ձախ թուլակողի շրջանում կտրած-ծակած վնասումներ, մկանների պատռվածք: Քաղաքացին վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու միջամտությունները, այս պահին նա գտնվում է բաժանմունքում՝ դինամիկ հսկողության տակ: Բժիշկներին հաջողվել է փրկել քաղաքացուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երկրորդ քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում և ձախ արմնկային ոսկորի կոտրվածք: Վերջինը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, կատարվել են բուժական բոլոր միջոցառումները, վիճակի կայունացումից հետո նա հրաժարվել է հոսպիտալացումից ու հետագա բուժումից: Կեսգիշերին վիրավորներին է այցելել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Հանցանքն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն։ 

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն հանցանքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարան