Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժի ժամանակ ոչ միայն զոհված կինն ու որդին են տանը եղել, այլև ամբողջ ընտանիքը. Սիրիայում շատ դժվարությամբ են կարողանում մարդկանց դուրս հանել փլատակների տակից․ Սիրիահայերի միություն. լուսանկար

Երկրաշարժի ժամանակ ոչ միայն զոհված կինն ու որդին են տանը եղել, այլև ամբողջ ընտանիքը. Սիրիայում շատ դժվարությամբ են կարողանում մարդկանց դուրս հանել փլատակների տակից․ Սիրիահայերի միություն. լուսանկար
Հասարակություն
14:14, 06 февраль 2023
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրաշարժի հետևանքով 237 զոհերի և ավելի քան 600 վիրավորների մասին:

Ազգությամբ հայերի մեջ հաստատված զոհերը 2-ն են՝ 12-ամյա Ալբերտ Թանկջյանը և նրա մայրը՝ Միրնա Մինասյան-Թանկջյանը։ Նրանք մահացել են երկրաշարժի հետևանքով Հալեպի Ազիզիա թաղամասում գտնվող իրենց շենքի փլուզումից հետո։ Սիրիահայերի միությունից Civic.am-ին փոխանցեցին, որ երկրաշարժի ժամանակ ոչ միայն զոհված կինն ու որդին են տանը եղել, այլև ամբողջ ընտանիքը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ընտանիքի բոլոր անդամներին: «Մահացած կնոջ ամուսնու ոտքն է վնասվել, հիվանդանոցում է՝ պետք է ամպուտացնեն, աղջիկն ու մեծ տղան ևս ողջ են դուրս բերվել, լուրջ վնասվածքներ էլ չեն ստացել։ Սիրիայում շատ դժվարությամբ են կարողանում մարդկանց դուրս հանել փլատակների տակից, պետությունը բավարար սարքեր չունի։ Հալեպում առնվազն 20 շենք է փլվել»,- ասացին Սիրիահայերի միությունից։ 

Նշենք, որ երկրաշարժը զգացվել է Սիրիայի բոլոր նահանգներում. ուժեղ ցնցումները տեղի են ունեցել Իտլիպում, Հալեպում և Լաթաքիայում։ Սիրիահայերի միությունից փոխանցեցին նաև, որ նշված վայրերում բազմաթիվ թաղամասեր ամբողջությամբ հոսանքազրկված են՝ երկրաշարժի հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը: «Երկրաշարժի ժամանակ ծովի ջուրը մոտ 20 մետր հետ է գնացել»,- հավելեցին Սիրիահայերի միությունից։

Հիշեցնենք, որ այս գիշեր 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին, Թուրքիայում ևս կան ավերածություններ և տուժածներ։ Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի հետ Վրաստանի սահմանին՝ 3 բալ հզորությամբ: Ըստ Փրկարար ծառայության՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում։

Նարա Մարտիրոսյան