Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կազմակերպչական աշխատանքներ են տարվում Սիրիա և Թուրքիա օգնություն ուղարկելու համար

Կազմակերպչական աշխատանքներ են տարվում Սիրիա և Թուրքիա օգնություն ուղարկելու համար
Հասարակություն
16:45, 07 февраль 2023
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, որից, բացի Թուրքիայի բնակավայրերից, տուժել էին նաև Սիրիայի մի շարք բնակավայրեր, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում կատարեց, որով ցավակցեց երկու պետություններում տուժած քաղաքացիներին և նրանց հարազատներին։ Նույն գրառման մեջ Փաշինյանը նաև օգնություն էր առաջարկել Թուրքիայի և Սիրիայի կառավարություններին։ «Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։ 

ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնել էին, որ քննարկում են Թուրքիա և Սիրիա օգնություն ուղարկելու մասին հարցը։

«Հայաստանը պատրաստ է մարդասիրական ու փրկարարական օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։ Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը»,- այս մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Քիչ առաջ կառավարության լրատվականից Civic.am-ին հայտնեցին, որ կազմակերպչական աշխատանքներ են տարվում երկու երկրներ օգնություն ուղարկելու համար։

Հիշեցնենք, որ Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար Հարություն Սելիմյանը Civic.am-ի հետ զրույցում նշել էր, որ Սիրիայում ակնկալում են Հայաստանի օգնությունը։ Նրա խոսքով՝ ազգությամբ հայերի մեջ 4 զոհ կա, վիրավորների մեջ ևս կան հայեր, սակայն թիվը դեռևս ճշտված չէ։ 

Սելիմյանը ընդգծել էր, որ Հալեպում բավական տեխնիկա չկա, դիզվառելիք էլ չկա, որ մեծ տեխնիկա աշխատեցնեն, և մարդկանց փլատակների տակից դուրս բերելու համար հիմնականում փրկարարներն են աշխատում։  

Նաև նշել էր՝  Հայաստանից ակնկալում են, որ Սիրիա փորձագետների ուղարկեն՝ փլատակների տակից մարդկանց հանելու համար. «Նաև դեղորայքի կարիքը մեծ կլինի»։