Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միքայել Հարությունյանի մեղադրանքը կվերաորակվի՞

Միքայել Հարությունյանի մեղադրանքը կվերաորակվի՞
Հասարակություն
22:52, 04 май 2021
2009 թվականից առ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգի տապալում) մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Տեղեկությունը ՀԺ-ի հարցմանն ի պատասխան տրամադրել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մեզ տրամադրված պատասխանում նշվում է, որ վերը նշված անձանցից 4-ի նկատմամբ գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որտեղ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո դատարանի կողմից կայացվել է վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

Հիշեցնենք, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրվում էին Ռոբերտ Քոչարյանն ու ուրիշներ, վերջերս ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց:

Դատախազությունից հայտնում են նաեւ, որ հետախուզման մեջ գտնվող մեկ մեղադրյալի վերաբերյալ գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է ցուցում առաջադրված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը) վերաորակելու եւ նոր մեղադրանք առաջադրելու հարցը լուծելու նպատակեով կատարել անհրաժեշտ քրեադատավարական գործողություններ:
Մեր տեղեկություններով, այստեղ խոսքը 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի մասին է: Նա այժմ գտնվում է հետախուզման մեջ:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեցինք՝ վերաորակվե՞լ է Հարությունյանի մեղադրանքը: «Մեղադրանքը վերաորակելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»,- պատասխանեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: