Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում. ԿԳՄՍ նախարարը՝ բուհերի ռեկտորներին

Բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում. ԿԳՄՍ նախարարը՝ բուհերի ռեկտորներին
Հասարակություն
18:30, 23 февраль 2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում և համակարգային լուծում:

Այս տարի առաջին անգամ միասնական քննություններն անցկացվել են երկու փուլով, որը ընդունելության համակարգի բարելավմանը միտված քայլ է և հավելյալ հնարավորություն դիմորդի համար։

«Երկրորդ փուլից հետո կարվեն համապատասխան վերլուծություններ՝ հասկանալու, թե այս ձևաչափը որքանով է արդյունավետ, և ինչ լրամշակումների կարիք կա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման շրջանակում ևս այս հարցը կդիտարկվի։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման ընթացակարգերում արված փոփոխություններին, համաձայն որոնց՝ կրճատվել են բուհերին հատկացված տեղերը՝ ըստ լիցենզիայի պահանջների՝ առաջնահերթությունը տալով առավել թիրախային մասնագիտություններին: «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է լիազորող նորմ՝ լիցենզիոն տեղեր տրամադրելիս, որպես պարտադիր պայման, լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը՝ հաշվի առնելով մասնագիտության ուսուցման ստանդարտները, որոնք ևս անհրաժեշտ է սահմանել: Սա, նախարարի ընդգծմամբ, նոր որակ է ապահովելու բուհերի համար:

Հաջորդ խնդիրը վերաբերում էր կրթաթոշակային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետական բյուջեից մեծ գումար է հատկացվում այս ուղղությամբ, սակայն պետք է հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ և ինչ նպաստ է բերում ուսանողներին:

Նախարարի գնահատմամբ՝ այս ուղղությամբ պետք է փոփոխություն արվի մի քանի սկզբունքներով. «Կարծում ենք՝ պետք է մեծացնել կրթաթոշակի չափը, հստակեցնել ստացողների շրջանակը և սահմանել այն ուղղությունները, որոնք ունեն դիմորդների թվի մեծացման խնդիր՝ պետության առաջնահերթության տեսանկյունից»:

Որպես կրթաթոշակային քաղաքականության կարևոր սկզբունք՝ նախարարը կարևորել է նաև սոցիալական գործոնի հաշվի առնելը՝ հստակ խմբերի ներգրավումը:

Հանդիպմանը խոսվել է նաև օտարերկրյա ուսանողների՝ ՀՀ բուհեր ընդունելությունը խրախուսելու, ընթացակարգային խնդիրները համատեղ լուծելու հարցերի մասին: Ըստ նախարարի՝ տեղափոխման և ընդունելության կարգերը քննարկման փուլում են․ նպատակը ոլորտում թափանցիկություն ու արդյունավետ վարչարարություն ապահովելն է, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների թվի մեծացումը՝ ավելի լուրջ ու համակարգային գործունեություն ծավալելու նպատակով:

Անդրադարձ է եղել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով ակադեմիական տարկետման հնարավորություններին:

«Կառավարության՝ ԲՏՃՄ ուղղություններով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծն արդեն իսկ շրջանառվում է: Հաստատումից հետո ունենալու ենք 2-րդ փուլով որոշում, որով կհաստատվեն մասնագիտությունների ցանկերն ու կրթական ծրագրերը, որոնցով տարկետման տրամադրումը հնարավոր է լինելու»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Կառավարության որոշմամբ կկարգավորվեն տարկետման ընթացակարգը, ինչպես նաև մասնագիտությունների և բուհերի ցանկը։

Քննարկվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ստեղծելու հարցը:

Նախարարի գնահատմամբ՝ նպատակը բարձրագույն կրթության և գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ ոլորտները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել ռեկտորներին՝ լինել մասնակցային և հանդես գալ առաջարկներով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի շուրջ:

Ռեկտորները հակիրճ ներկայացրել են իրենց հուզող հարցերը և նախանշել առաջարկները հաջորդիվ ներկայացնելու պատրաստակամությունը: