Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միշտ ասել ենք Արցախում է, դիրքերում է. գերությունից վերադարձած շիրակցի Սամվելի մայրը չի իմացել, որ որդին Բաքվում էր. «ՀԺ»

Միշտ ասել ենք Արցախում է, դիրքերում է. գերությունից վերադարձած շիրակցի Սամվելի մայրը չի իմացել, որ որդին Բաքվում էր. «ՀԺ»
Հասարակություն
10:37, 06 май 2021
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ Բաքվից 2 օր առաջ գերությունից վերադարձած երեք հայ զինծառայողներից մեկը գյումրեցի Սամվելն է, տան միակ զավակը, Շուխյան ընտանիքի հույսը:

2020 թվականի նոյեմբերի 27-ին Սամվելը ՄՈԲ-ի կազմում մեկնել էր Արցախ և դեկտեմբերի 14-ին գերեվարվել շիրակցիների խմբի հետ:

Տղայի գերեվարված լինելու փաստը հարազատները մոտ կես տարի դժվարությամբ, բայց մորից կարողացել են թաքցնել:

Միայն, երեկ երբ Բաքվից վերադարձող ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել, Սամվելի հորեղբոր ընտանիքն էլ համոզվել է, որ տղան Երևանում է, սիրտ արել, Սամվելի մայրիկին կատարվածը հայտնել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին պատմեց Սամվելի հորեղբոր կինը՝ Գոհար Դարբինյանը:

«Վատացավ ահավոր, շունչը դուրս չէր գալիս, չէր հասկանում, չէր պատկերացնում: Շտապօգնություն կանչեցինք: Հետո, երբ գերեվարված մյուս տղաների ծնողները ինձ զանգում, աչքալույս էին տալիս, ես էլ ասում էի տարոսը ձեր տղաներին, անուններն էի տալիս իրենց տղաների, Արմինեն քիչ-քիչ սկսեց պատկերացնել էն իրավիճակը, որում մենք էս անցնող ամսիներին ապրել ենք: Անընդհատ ասել ենք Արցախում է, դիրքեր է փորում, էստեղ է, էնտեղ է, գալ չի կարող:

Մայրն էլ ասում էր իմ տղեն ուժեղ, սպորտսմեն տղա է, հայրենիքի համար է, թող մնա, ինչ պետք է, անի»,-պատմեց Գոհարը:

Տանեցիներին Սամվելը շատ բան չի պատմել, տրամադրությունը տեղն է, առողջական խնդիրներ չունի, Բաքվում իր պահման վայրից դժգոհություններ չկան: Գալն էլ անակնկալ է եղել Սամվելի համար: «Գալուց 10 րոպե առաջ եկել ասել են վեր կաց, սափրվի: Սամվելը սափրվել է ու մինչև ինքնաթիռ նստելը չի իմացել, որ իրեն ազատում են գերությունից: Աստված մեծ էր, որ մեր երեխին բերեց, տուն հասցրեց: Մենակ նիհարել է, կարատեիստից կ-ն է մնացել: Բայց ոչինչ: Հիմա արդեն սպասում ենք մյուսներին, բոլորն էլ մերն երեխեքն են: Էսօրվա մեր ուրախությունը չի նշանակե, որ մոռացանք մնացածներին: Մենք հլը 54 երեխա ունենք էնտեղ»,-ընդգծեց Գոհարը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։