Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀԿ-ում կոչ են արել պատրաստվել հնարավոր նոր համավարակին

ԱՀԿ-ում կոչ են արել պատրաստվել հնարավոր նոր համավարակին
Հասարակություն / Աշխարհ
21:57, 01 март 2023
Համաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի այն բանին, որ մարդուց մարդուն փոխանցվող թռչնագրիպի պատճառով կարող է նոր համավարակ առաջանալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին El Pais թերթին տված հարցազրույցում:

«Մտավախություն կա, որ թռչնագրիպը ձեռք կբերի մարդուց մարդ տարածվելու ունակություն, ընդ որում՝ կայուն կերպով, և կարող է նոր համավարակ առաջացնել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Գիտական հանրությունն ուսումնասիրում է այդ վիրուսների գենետիկ հաջորդականությունը՝ դրանց հետևելու, ինչպես նաև պատվաստանյութեր մշակելու համար, որոնք հասանելի կլինեն անհրաժեշտության դեպքում»,-ասել է նա։

Համաճարակաբանի խոսքով՝թռչնագրիպի նոր բռնկումը, որը ոչնչացրել է միլիոնավոր՝ վայրի և տնային թռչուններ ամբողջ աշխարհում, սկսվել է երկու-երեք տարի առաջ՝ A(H5N1) վիրուսի հատուկ տեսակի պատճառով:

«Մենք ուզում ենք ասել, որ պետք է զգոն լինել։ Կարևոր է, որ մարդիկ չվերցնեն սատկած կամ մահացող թռչուններ կամ այլ կենդանիներ: Եվ որպեսզի թռչնաֆաբրիկաների աշխատողները լավ պաշտպանված լինեն»,- նշել է Փիբոդին։

ԱՀԿ-ի տվյալներով ՝ 2003-2023 թվականներին աշխարհում գրանցվել է թռչնագրիպով մարդկանց վարակման 873 դեպք, ինչը հանգեցրել է 458 մահվան։