Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սովորական վեճ է եղել. Ռադիկ Մատիրոսյանը` նախարարի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»

Սովորական վեճ է եղել. Ռադիկ Մատիրոսյանը` նախարարի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»
Հասարակություն
11:32, 17 февраль 2021
«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ: Նրանք զրուցել են ոլորտի խնդիրների շուրջ:

Թերթը մի քանի հարց է ուղղել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:

–Նախարարի հետ հանդիպում եք ունեցել. քննարկե՞լ եք Բարձրագույն կրթության մասին օրենքի այն հատվածը, որը վերաբերում է ակադեմիային:

-Մենք քննարկել ենք օրենքը, որը գտնվում է Ազգային Ժողովում, ոչ միայն այն հատվածը, իրականում՝ այն մասը, որը վերաբերում է գիտությանը, եւ կրթության հետ առնչվող այլ հարցեր:

–Պարո՛ն Մարտիրոսյան, ինչի՞ց եք Դուք դժգոհ, կամ ի՞նչն է Ձեզ անհանգստացնում օրենքի փոփոխությունում:

-Այն ձեւով, որով հիմա ներկայացված է, լրիվ չի արտահայտում ակադեմիայի այսօրվա կարգավիճակը: Այն կապված է մեր համակարգի ամբողջ բովանդակությանը: Բացի մեր ակադեմիայի անդամներից, մեր համակարգը ներառում է նաեւ մեր ինստիտուտները:

Այ օրենքի թերությունը, որի համար մենք պայքարում ենք, դրան է վերաբերում:

–Իսկ նախարարը կո՞ղմ էր, թե՞ դեմ Ձեր առաջարկություններին: Ի՞նչ դիրքորոշում ուներ նա:

-Դե, այդ հարցի կապակցությամբ անորոշություններ կան: Իրենք ասում են՝ կաշխատենք մի փոքր խմբագրել:

–Մենք տեղեկացանք, որ Ձեր եւ նախարարի միջեւ ընդհարում է եղել, տարաձայնություններ ունեք: Ո՞րն է խնդիրը:

-Ի՞նչ ընդհարում. եղել է սովորական վեճ այս կամ այն հարցի շուրջ:

–Այսինքն՝ մինչեւ օրենքի գրելն ու քննարկելը Դուք նախապես քննարկում չե՞ք ունեցել: Նախարարի հետ հանդիպում չե՞ք ունեցել:

-Նախ՝ մենք դժգոհություն հայտնեցինք այդ հանձնաժողովում, որը մշակել էր այդ օրենքի նախագիծը: Այդ հանձնաժողովում Գիտությունների ազգային ակադեմիայից մարդ չի եղել հրավիրված: Ես հաշվում եմ, որ դա կոպիտ սխալ է, որովհետեւ հանրապետությունում գիտության կեսը մեր մոտ է:

Ճի՞շտ էր, որ հանձնաժողովներում ինչ քննարկումներ արվել են, ներկա եղել են բուհական ներկայացուցիչներ, ակադեմիայից ներկայացուցիչներ չեն եղել:

–Ի՞նչ են պատճառաբանում, ինչո՞ւ ներկայությունը չեն ապահովել բոլոր բնագավառներից:

-Նրանք չեն ընդունում, որ չեն ապահովել: Իրենք ասում են, որ մենք ավելի այլ ինստիտուտներին, որոնք այսօր գործում են, տվել ենք ավել մեծ ազատության հնարավորություն:

Մենք էլ պնդում էինք, որ այդ ինստիտուտները անազատ վիճակ չունեն: