Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական APA գործակալությունը ռուսերեն թարգմանության մեջ աղավաղել է Տոյվո Կլաարի խոսքը, իսկ հայկական մամուլը տարածել է այն

Ադրբեջանական APA գործակալությունը ռուսերեն թարգմանության մեջ աղավաղել է Տոյվո Կլաարի խոսքը, իսկ հայկական մամուլը տարածել է այն
Հասարակություն
13:51, 09 март 2023
«Նորմալացման գործընթաց է գնում 30 տարի տևած հակամարտությունից հետո... Կարևորն այն է, որ քաղաքական կամք կա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ հաղթահարելու հակամարտության այս պատմությունը, և մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է գործընթացին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանը։ Բայց ժամանակ է պետք, սա հեշտ չէ»,- այս մասին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում։

Սակայն ադրբեջանական APA գործակալությունը իր կայքի ռուսերեն տարբերակում Տոյվո Կլաարի խոսքը աղավաղված է ներկայացրել՝ թարգմանելով այն հետևյալ կերպ. «Մենք գտնում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի»։ 

Ռուսերենով այս սխալ թարգամանությունը հայկական մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ հիմք են վերցրել՝ հրապարակելով այն, ավելին՝ որոշ լրատվամիջոցներ նաև հենց վերնագրի համար են օգտագործել Կլաարի կողմից չասված՝ «Նախագահ Ալիևը հավատարիմ է գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի»  արտահայտությունը։

Civic.am-ը կապ էր հաստատել Տոյվո Կլաարի մամուլի քարտուղար Անրի Դուկենի հետ՝ ճշտելու, թե արդյոք Տոյվո Կլաարի խոսքը ճի՞շտ է ներկայացվել ադրբեջանական APA գործակալության ռուսերեն տարբերակում, և եթե այո, ապա ի՞նչ պարտավորություններ ունի ՀՀ վարչապետը, ինչպես նաև արդյոք ՀՀ տարածքից զորքը հետ քաշելը, ռազմագերիներին վերադարձնելը, Լաչինի միջանցքը բացելը պարտավորություններ չե՞ն Ալիևի համար։ Ի պատասխան մեր այս հարցման՝ Տոյվո Կլաարի մամուլի քարտուղար Անրի Դուկենը նախ խնդրել է հղում անել բացառապես անգլերենով հրապարակված հարցազրույցին, ապա նշել է, որ ռուսերեն տարբերակում ինքը ևս սխալներ է նկատել: «Խնդրում եմ, հղում արեք բացառապես օրիգինալ տարբերակին՝ անգլերենին։ Քանի որ ես ևս սխալներ նկատեցի APA-ի կայքում՝ ռուսերեն թարգմանության մեջ, նրանց խնդրեցի ուղղել այն, և այժմ կտեսնեք, որ ռուսերեն տարբերակը համահունչ է հարցազրույցի բնօրինակին՝ անգլերեն տարբերակին»,- գրել է նա։

Ադրբեջանական APA գործակալության կողմից նույն բառը տարբեր կերպ թարգմանելը՝ մասնավորապես, որ այն հնչել է նույն նախադասության մեջ՝ նկարագրելով երկու երկրների ղեկավարների մոտեցումը գործընթացին՝ չգիտակցված սխալմունք դժվար թե լիներ։ 

Նարա Մարտիրոսյան