Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տոյոտա Երևանի» դեմ քրգործով նախաքննությունը շարունակվում է ՔԿ-ում, իսկ ընկերությունը փորձում է մեղադրել աշխատակցի կնոջը

«Տոյոտա Երևանի» դեմ քրգործով նախաքննությունը շարունակվում է ՔԿ-ում, իսկ ընկերությունը փորձում է մեղադրել աշխատակցի կնոջը
Հասարակություն / Իրավունք
12:31, 17 февраль 2021
ՀՀ Քննչական կոմիտեում շարունակվում է 16 ուժերի հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար աշխատակիցներին հեռացնել սպառնացած «Տոյոտա Երևան» ընկերության դեմ հարուցված քրգործով նախաքննությունը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռիմա Եգանյանը։ 

Ըստ նրա՝ քրեական գործով այս պահի դրությամբ մեղադրյալի, կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ  չկա: 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Հովհաննիսյանը գրառում էր կատարել իր էջում՝ տեղեկացնելով, որ Հանրապետության Հրապարակում 16 ուժերի հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու պատճառով «Տոյոտա Երեւան»  ընկերության մի քանի աշխատակիցներ, այդ թվում և իր ամուսին Գոռ Մելիքբեկյանը, ազատվել են աշխատանքից։ «Այսօրվա հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու արդյունքում ամուսինս հեռացվեց աշխատանքից»,-գրել էր Գայանեն:

Գայանեն «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել էր, որ իր ամուսնու աշխատավայրում ժողովի ժամանակ աշխատողներին հրահանգել են մասնակցել սպասվելիք հանրահավաքին, և երբ Գոռը հրաժարվել է գնալ, պատասխանել են, որ այդ դեպքում պետք է դիմում գրի։ Գոռը, սակայն, դիմում չի գրել, պարզապես թողել, հեռացել է։

Կինը նշել էր, որ «Տոյոտա Երեւան»-ում աշխատող մոտ 70 հոգուց միայն 6-ն են հրաժարվել մասնակցել հանրահավաքին, իսկ մերժած աշխատակիցներին «Տոյոտա Երեւան»-ի գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանը հերթով կանչել է իր աշխատասենյակ ու բացատրություն պահանջել։

Գոռ Մելիքբեկյանը, NewArmenia.am-ի հետ զրույցում հաստատել էր  հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու հիմքով իր աշխատանքից հեռացման փաստը, և նշել, որ դա բանավոր է ասվել:

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը։ 

Հրապարակման հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով տեղեկություններ էին ձեռք բերվել, որ դեկտեմբերի 21-ին Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ընկերության տնօրենը ընկերությունում աշխատող 30-35 աշխատակիցների, այդ թվում՝ որպես ավտոէլեկտրիկ աշխատող վերոհիշյալ տղամարդուն հորդորել էր մասնակցել ընդդիմության հայտարարած՝ հաջորդ օրը տեղի ունենալիք գործադուլին և հանրահավաքին։ Ըստ ոստիկանության՝ ստանալով տղամարդու մերժումը՝ ընկերության տնօրենը նրան տեղեկացրել է, որ նման պայմաններում ավտոէլեկտրիկը չի կարող աշխատել իրենց կազմակերպությունում, ինչից հետո տղամարդը լքել է աշխատանքի վայրը։

Երեկ «Հայկական ժամանակ»-ը գրեց, որ «Տոյոտա Երեւան» ընկերությունը դատի է տվել իր աշխատակից Գոռ Մելիքբեկյանի կնոջը՝ Գայանե Հովհաննիսյանին: Ընկերության ներկայացուցիչ Իրինա Դանիելյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել է, որ Գայանե Հովհաննիսյանի կողմից կատարված գրառումը որակում են զրպարտություն։ 

Ընկերությունը հերքել է տեղեկությունները, թե Մելիքբեկյանը ազատված է աշխատանքից, նշելով, որ աշխատանքից ազատման վերաբերյալ վերջինիս որեւէ ծանուցում՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր չի տրվել:

Մինչդեռ այսօր Civic.am-ի հետ զրույցում Գոռը հաստատեց, որ այդ դեպքից հետո այլևս աշխատանքի չի գնում և չի աշխատում «Տոյոտա Երևանում»։ Իսկ ընկերությունում թերևս խուսափել են կատարել սպառնալիքը հարուցված քրգործից հետո, այժմ էլ փորձում են սուտ մատնության մեջ մեղադրել աշխատակցի կնոջը։ Ի դեպ՝ խոսք էր գնում 6 աշխատանքին ազատելու սպառնալիքի մասին։

Տարակուսելին այն է, որ աշխատակցի կնոջ դեմ գործով դատավորը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կինն է՝ դատավոր Արմենուհի Բադիրյանը, ինչը կասկածի տակ է դնում արդար վճռի հավանականությունը։  
Այս ընկերության համասեփականատեր է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ «Տոյոտա Երեւան» ընկերությունում հավասարաչափ՝ 30-ական տոկոս բաժնեմասեր ունեն նաեւ գործարար, Երեւանում մի շարք էլիտար շենքերի սեփականատեր Սամվել Մայրապետյանը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի»՝ Հ2-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Նատալյա Մատինյանը:

Փետրվարի 20-ի հանրահավաքին ընդառաջ՝ երեկ, ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ «տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին»։

Սյուզի Սիրականյան