Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անշարժ գույքի գնման պահանջարկն ավելի բարձր է, քան այն ծավալը, որ այսօր կառուցապատողները հասցնում են իրացնել». պատկան կառույցները կառուցապատողների հետ քննարկում են մարտահրավերները

Անշարժ գույքի կառուցապատման ոլորտում մարտահրավերները բազմաթիվ են. դրանց շրջանակում են գազի, ջրի, էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների ապահովումը,  շինարարության թույլտվությունների ստացման ժամկետների վերանայումը։ 

«2020թ. մինչ օրս 460 բազմաբնակարան շենքերի և համալիրների կառուցապատողներ դիմել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերություն և ստացել համապատասխան տեխնիկական պայմաններ իրենց գործունեությունն իրականացնելու համար»,- ասում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազի բաշխիչ ցանցերի շահագործման և սպասարկման բաժնի պետ Արմեն Պերոկլյանն ու հավելում.  «Ընկերությունը գազիֆիկացման հարցում միայն ելակետային մարմին է հանդիսանում։ Եթե «Գազպրոմ Արմենիան» Երևանում խոշոր ներդրումներ անի և նորակառույց համալիրների ու շենքերի համար գազատարներ կառուցի՝ ողջ Հայաստանում գազի սակագինը կբարձրանա»։ 

Երևան քաղաքի գազամատակարարման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Թե ո՞վ կվճարի նորակառույց շինությունների գազամատակարարման համար՝ արդյոք կառուցապատողնե՞րը պետք է միավորվեն գազատար կառուցեն, թե՞ ««Գազպրոմ Արմենիա»-ն դա պետք է անի՝ դեռևս քննարկվում է: ««Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ քննարկում ենք մոտ ապագայում Երևան քաղաքը անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրելու և նոր կառուցվող շենքերում գազի մատակարարումն ապահովելու հարցը»,-տեղեկացնում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու հավելում. «Մեզ համար կարևոր է, որ արագացնենք բնակարանային շինարարության տեմպը, որովհետև այսօր պահանջարկն անհամեմատ ավելի բարձր է, քան այն ծավալը, որ այսօր մեր կառուցապատողները հասցնում են իրացնել»։  

Ինչ վերաբերում է անշարժ գույքի թանկացումներին, Վահան Քերոբյանը մեկնաբանում է. «Հայաստան տեղափոխված մեծ թվով մարդկանց, այդ թվում նաև՝ մարդկանց կենսամակարդակի բարձրացման արդյունքում կտրուկ աճել է անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, որը բերել է անշարժ գույքի գների կտրուկ թանկացման։ Եթե երկու, երեք տարի առաջ մեզ ասեին, որ Երևանում անշարժ գույքի 1 քմ-ն կարող է միջինում արժենալ 4000-5000 եվրո, մեզնից յուրաքանչյուրը քմծիծաղ կտար, բայց հիմա դա իրականություն է, և դա հենց տնտեսական փոփոխությունների արդյունքում է առաջացել»։

Թե ինչպե՞ս է հնարավոր կարգավորել անշարժ գույքի թանկացումները՝ նախարարը նշում է. «Անշարժ գույքի գները, ինչպես և մյուս բոլոր գները կարգավորվում են ազատ շուկայում՝ պահանջարկի և առաջարկի արդյունքում»։  

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Վահե Պետրոսյանն էլ հավելում է՝ անշարժ գույքի թանկացումների վրա ազդել են և գլոբալ թանկացումները, և դրամի արժևորումը դոլարի նկատմամբ, և պահանջարկը. «Մենք կանխատեսում ենք, որ եկամտային հարկի վերադարձի ծրագիրն ավարտվելուն պես շինարարական բումը աստիճանաբար կհանգի, որովհետև եկամտային հարկի վերադարձի ծրագիրը էական խթան է՝ այսօր վաճառվող բնակարանների երեք չորրորդը այդ ծրագրի հիմքով է լինում, և դրա դադարման պես վաճառքի տեմպերը կսկսեն աստիճանաբար հանգել։ Իսկ վաճառքի տեմպերը երբ սկսում են հանգել, հաջորդ տեմպը գների անկումն է»։ 

Չնայած անշարժ գույքի թանկացումներին՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամը վստահեցնում է՝ անգամ ամսական 500.000 դրամ եկամուտ ունեցող ընտանիքը կարող է իրեն թույլ տալ բնակարան գնել։      

Սեյսմիկ ռիսկերից խոսելով՝ Վահե Պետրոսյանը նշում է՝ խնդիրը հին բնակֆոնդն է, որը պետք է նորացվի. «Դա պետք է, մեր կարծիքով, արվի պետական քաղաքականությունը փոխելու ճանապարհով, որպեսզի մասնավորները մտնեն ռենովացիոն ծրագրերի մեջ՝ հարկազատում, եկամտային հարկի վերադարձ, որպեսզի շենքը քանդեն, տեղը նորը սարքեն»։ 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանն էլ  ընդգծում է, որ  Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Քաղաքաշինության կոմիտեն, էկոնոմիկայի նախարարությունն ու մի շարք այլ գերատեսչություններ 2022թ. ընթացքում ակտիվ աշխատանքներ են վարել կառուցապատման, քաղաքաշինության ոլորտում և բավական ձեռքբերումներ ունեն։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում