Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայհոյանքներ չպիտի հնչեն․ ԵԹԿՊ–ի ռեկտորը՝ «Որբանոց» ներկայացումը արգելելու և դրան քաղաքական ենթատեքստ տալու մասին․ ՀԺ

Հայհոյանքներ չպիտի հնչեն․ ԵԹԿՊ–ի ռեկտորը՝ «Որբանոց» ներկայացումը արգելելու և դրան քաղաքական ենթատեքստ տալու մասին․ ՀԺ
Հասարակություն
18:13, 20 март 2023
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի խոսքով՝  Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի կողմից ինստիտուտում բեմադրված  «Որբանոց» ներկայացումը ԵԹԿՊ–ում արգելելու որոշումը կապված չէ որևէ քաղաքական ենթատեքստի հետ։ 

Ըստ նրա՝ իրեն չի հետաքրքրում հարցը, որ ստեղծագործությունում կա քաղաքական ենթատեքստ, որը կարող է առնչվել ներկայիս իշխանությունների հետ։

«Քաղաքական ենթատեքստը ինձ չի հետաքրքրում, ինձ համար, պարզապես, անընդունելի է մեր կրթական հաստատությունի բեմից հայհոյանք լսելը։ Ես չեմ ընդունում։ Ախր սա խայտառակություն է, շատ ասելիք էլ չունեմ։ Ամոթ է ուղղակի։ Այո, չեմ նայել ներկայացումը, բայց այստեղ ներկայացումը նայել-չնայելու մեջ չէ հարցը, սխալ ճանապարհով է տարվում։ Ես չեմ նայել ու ուրախ եմ, որ չեմ նայել, որովհետև չեմ ուզում իմ անձնական կարծիքը այստեղ արտահայտել։ Գիրքը կարդացել եմ, նաև դրա մասին չէ խոսքը»,– թատրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ռեկտորը։

Ըստ նրա՝ երբ ներկայացումը՝ որպես կուրսային աշխատանք բեմադրվել է ու ցուցադրվել է բուհում, բազմաթիվ զանգեր է ստացել, որոնք վերաբերվել են ներկայացումը ցուցադրելուն․ «Ինձ զանգ են տվել անգամ մեր դասախոսներից ու ասել, թե այս ինչ խայտառակություն է։ Հետո ես անցկացրել եմ ռեկտորատի նիստ, որին մասնակցել են բոլոր կուրսերի ղեկավարներն ու ռեկտորատի անդամները։ Հարցը դրվել է հետևյալ կերպ՝ ուսումնական հաստատությունում չպիտի հնչեն հայհոյանքներ։ Ներկայացումը լավն էր, թե վատն էր, դրա մասին չէ խոսքը, խոսքը հայհոյանք հնչեցնել-չհնչեցնելու մասին է։ Ռեկտորատն է որոշում ընդունել ու հստակ պատճառաբանել, թե ինչու է նման որոշում կայացրել։ Ռեկտորատը հստակ պատճառաբանում է, որ որոշումը կայացվել է ներկայացման ընթացքում ոչ պատշաճ արտահայտությունների համար։ Ինձ գրաքննություն մի բացատրեք։ Եթե որևէ մեկը կգտնի, որ ռեկտորատի կայացրած որոշումը կայացրած ճիշտ որոշում չէ, թող գա ու ինձ ասի»,– հավելեց նա։

Ներկայացումը արգելելու մասին խոսել էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ըստ նրա՝  ԵԹԿՊ–ն դեռ գնում է սովետական միտումներով։ Իր համար անհասականալի է նաև, թե ինչպես կարելի է չդիտած ներկայացումը քննադատել․ «Պետք է նորովի մտածել, բայց մենք հիմա միջնադարում ենք։ Սա միջնադար է։ Բ․․ոզի տղա արտահայտությանն են դեմ։ Սա արդեն վեր է բոլոր տրամաբանական հասկացություններից։ Ասում են՝ ներկայացմանը երեխայի շուրթերով հնչում է այն, որ մորը բռնաբարել են ազատամարտիկները, նախ՝ երեխան դա չի ասում, ուրիշ մարդ է ասում»,– նշել էր Ծատուրյանը։

Ուսանողները պնդում են, որ արգելքը անհիմն է, ռեկտորն անգամ չի դիտել ներկայացումը․ «Մենք չենք կարծում, որ թատրոնի այլ վարպետները իրավունք ունեն քննադատելու մեր վարպետին։ Թող ներեն մեզ նրանք։ Նաև խոսել ենք և հայտնել, որ պատրաստ ենք ներկայացումից հանել հայհոյանքները և փոխել տեսարանը, բայց նորից դեմ են ներկայացմանը։ Դա աբսուրդ որոշում է»,– ասում էին ուսանողները։

ՀՀ ժողովրդական արտիստ, ներկայացման հեղինակ Նիկոլայ Ծատուրյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումն արգելելու թատերական ինստիտուտի ղեկավարության որոշմանը, նկատեց՝  «Մենք դեռ սովետական վիճակներում ենք, մեզ մոտ շարունակվում է սովետը։ Եթե մենք նորովի չմտածենք, ապա կմնանք էս ճահիճում։ Երբ որ ես ԱՄՆ–ում բեմադրություն էի անում համազգային թատրոնի հետ, ինձ հրավիրողն ասաց՝ «Մեզ մոտ ներակայացումը 6–7 անգամ է գնում  հանդիսատեսի հետ, նոր հայտարարում ենք պրեմիերա ու գալիս են քննադատելու ներկաայցումը մարդիկ»։ Ինչ են անում մեզ մոտ․ ինստիտուտը դեռ գնում է սովետական մոտիվներով, պետք է նորովի մտածել, բայց մենք հիմա միջնադարում ենք։ Սա միջնադար է։ Բ․․ի տղա արտահայտությանն են դեմ։ Սա արդեն վեր է բոլոր տրամաբանական հասկացություններից։ Ասում են՝ ներկայացմանը երեխայի շուրթերով հնչում է այն, որ մորը բռնաբարել են ազատամարտիկները, նախ՝ երեխան դա չի ասում, ուրիշ մարդ է ասում»,– ասաց Ծատուրյանը։

Ծատուրյանի խոսքով՝ «Որբանոց» ստեղծագործությունը արժանացել է 7 հանրապետական մրցանակների և երկու միջազգային մրցանակների։ Ասում է՝ ներկայացման մեջ արժանիքներ կան, որոնք պետք է տեսնել։

armtimes.com