Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հորդորում ենք միջազգային կառույցներին՝ հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Արդարադատության դատարանի վճռի կատարմանը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Հորդորում ենք միջազգային կառույցներին՝ հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Արդարադատության դատարանի վճռի կատարմանը. Գերագույն հոգևոր խորհուրդ
Հասարակություն
13:41, 21 март 2023
Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

«Խոր ցավով ենք արձանագրում, որ արդեն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունները, հայատյաց քաղաքականության սաստկացող դրսևորումներով, արգելափակված են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնություններն ու ահաբեկչական գործողությունները առավել խորացնում են հումանիտար աղետալի իրավիճակը: Հակառակ Արցախում տեղակայված խաղաղապահ անձնակազմի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների հետևանքով ոտնահարվում են մարդկանց՝ երեխաների, կանանց և ծերերի կյանքի, բուժում ստանալու, տեղաշարժի և հիմնարար մյուս իրավունքները:

Բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակումը վերացնելու վերաբերյալ: Ողջունում ենք Եվրախորհրդարանի վեհաժողովի կոչը, որով Ադրբեջանի իշխանություններին հորդորվում է կյանքի կոչել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը:

Տարակուսանք ենք արտահայտում, որ հակառակ միջազգային հանրության, վերջինիս իրավասու և ազդեցիկ կառույցների կողմից ճանապարհը բացելու վերաբերյալ կտրական պահանջներին՝ առ այսօր արգելափակումը շարունակվում է:

Հորդորում ենք ՄԱԿ-ի, Եվրախորհրդարանի և Եվրամիության պատկան կառույցներին, պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը, ցեղասպանական գործողությունների դատապարտմանը և Արցախի բնակչության անվտանգ ու բնականոն կյանքի ապահովմանը:

Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշման հանդեպ բացահայտ անհարգալից նման մոտեցման հանդուրժումը սաստկացնելու է հումանիտար ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի ավելի քան 120.000 բնակչության կյանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատյանների վճիռները կոպտորեն շրջանցելու աններելի նախադեպ, միաժամանակ խորը հուսախաբություն առաջացնելով միջազգային արդարադատության նկատմամբ:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, առաջնահերթություն ունենալով մարդկային կյանքերի փրկությունն ու անվտանգությունը, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը՝ անկախություն հանուն փրկության ու անվտանգության սկզբունքով»,- ասված է հայտարարության մեջ: