Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քասախ գյուղում մոտ 20 հոգով կանգնեցրել են համագյուղացու մեքենան և ծեծի ենթարկել մորն ու որդուն․ տուժողների պաշտպան

Քասախ գյուղում մոտ 20 հոգով կանգնեցրել են համագյուղացու մեքենան և ծեծի ենթարկել մորն ու որդուն․ տուժողների պաշտպան
Հասարակություն
17:39, 22 март 2023
Երեկ ժամը 13․00-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ գյուղում մոտ 20 հոգանոց մի խումբ ծեծի է ենթարկել համայնքի երկու բնակչի՝ մոր և որդու, Տարոն և Արևիկ Գևորգյաններին։ Այդ մասին Civic.am-ին հայտնեց տուժողների լիազոր ներկայացուցիչ Տավրոս Գևորգյանը։  

«Մեքենայով գնալիս հենց գյուղում կանգնեցրել են մեքենան, առանց որևէ պահանջ ներկակացնելու հարձակվել են ու ծեծի ենթարկել մորը և որդուն։ Հարձակվողները եղել են համագյուղացիներ»,-պատմեց Տավրոս Գևորգյանը։ 

Վերջինս տեղեկացրեց, որ Տարոն Գևորգյանը ստացել է քթի կոտրվածք, ուղեղի ցնցում, սալջարդեր դեմքի տարբեր վնասվածքներ, իսկ մայրը՝ թևի սալջարդ, քերծվածքներ, այտուցներ, նրանք այս պահին  գտնվում են հիվանդանոցում։ 
Տարոն Գևորգյանը մանրամասներ չներկայացրեց, թե ինչը կարող էր ծեծի պատճառ լինել։ 

Դեպքի վերաբերյալ հավելյալ մանարամասների վերաբերյալ մենք զրուցել ենք նաև ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետով (խուլիգանություն` մի խումբ անձանց կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Տարոն Գևորգյանը և Արևիկ Գևորգյանը ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկանան փորձաքննություն, երկու անձ բերման ենթարկված են եղել, նրանց հետ տարվել են համապատասխան քննչական գործողություններ, նրանք հետո ազատ են արձակվել, և ոստիկանությանը հանձնարարություն է տրվել կոնկրետ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,-ասաց Գոռ Աբրահամյանը։ 

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 21-ին՝ ժամը 15.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի և դեմքի վնասվածքով՝ 33-ամյա երիտասարդ, նախաբազկի վնասվածքով՝ 55-ամյա կին: Պարզվել է, որ ժամը 13.00-ին Քասախ գյուղի Ա. Մարտիրոսյան փողոցի շենքերից մեկի մոտ նույն գյուղի հինգ բնակիչ կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և ծեծի ենթարկել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասել են մեքենայի դիմապակին և հողմապակիները:

Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Նաիրիի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակիցներից 28-ամյա և 20-ամյա երկու երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Քրեական վարույթը շարունակվում է:
 
 
Լիլիթ Թադևոսյան