Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին, իսկ հետո կհանրայնացնենք օտարերկրյա ներդրողի մի ներդրման պատմություն, կամ ավելի ստույգ՝ ոդիսականը․ Ստյոպա Սաֆարյան

Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին, իսկ հետո կհանրայնացնենք օտարերկրյա ներդրողի մի ներդրման պատմություն, կամ ավելի ստույգ՝ ոդիսականը․ Ստյոպա Սաֆարյան
Հասարակություն / Իրավունք
23:25, 22 март 2023
ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Խոստացված ՑԸՄՓ-1-ը, կամ ի՞նչ անձնական շահագրգռություններ կարող է ունենալ Արծվիկ Մինասյանը Սեդա Սաֆարյանին հետապնդելու արշավում

Այսօր առավոտյան մենք կարող էինք հրապարակել մի պատմություն, մի հավաստի տեղեկություն, որի արդյունքում կամ Արծվիկ Մինասյանը կխուսափեր մոտենալ Ազգային ժողովի ամբիոնին, կամ եթե մոտենար էլ՝ ամբողջ քննարկումը կվերաբերեր մի քրեական գործի հետ իր առնչություններին, որից հանրությունը տեղյակ չէ: Այդ գործի մասին մենք նաև տեղյակ չէինք պահել Խորհրդարանի և ոչ մի պատգամավորի:

2 ամիս համբերատարորեն լռել ենք, սպասել, թե Սեդա Սաֆարյանի դեմ արշավում ի՞նչ իրավական ու ծանրակշիռ փաստերի է տիրապետում հայտնի խմբակը, ովքե՞ր են կազմում Սեդա Սաֆարյանի դեմ պայքարի ճակատը, նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ անձնական շահագրգռություն ունի վրեժխնդիր լինել Սեդա Սաֆարյանից իր սեփական անցյալի համար… Որովհետև, այո, Սեդա Սաֆարյանը և մենք մասնագիտության բերումով շատերի մասին ինֆորմացիայի ենք տիրապետել:

2 ամիս համբերատարորեն կուլ ենք տվել որոշ վիրավորանքներ, մեր տրամադրության տակ ունենալով փաստեր, որոնք հրապարակելու դեպքում տվյալ անձը կհայտնվեր աննախանձելի վիճակում: Դա վերաբերել է նաև Արծվիկ Մինասյանին, ում վերաբերյալ հավաստի տեղեկատվությանը տիրապետել ենք ամիսներ շարունակ: Եվ Արծվիկ Մինասյանը գիտեր, որ մենք այդ ինֆորմացիային տիրապետում ենք:
Բայց այսօր չենք խառնել Արծվիկ Մինասյանի թեման Սեդա Սաֆարյանի դեմ արշավին: Չենք խառնել, որովհետև մենք քաղաքական ռինգում գոտկատեղից ներքև չենք հարվածում: Ցանկացել ենք, որ հանրությունը ամբողջությամբ տեսնի Սեդա Սաֆարյանի դեմ բերվող փաստարկների մերկությունը և սնանկությունը, և կողքից շատ ավելի մեծ ուժգնության որևէ սկանդալ հանրային ուշադրությունը չշեղի դրանից, հանրությունն իսկապես իմանա, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը որևէ խախտում չի կատարել: Եվ հանրությունը իմացավ դա:

Բայց դա չէր նշանակում, թե Սեդա Սաֆարյանի դեմ արշավի տապալումից հետո մենք չէինք խոսելու նրանից, ինչը սկսում ենք առայժմ միայն հարցերով: Իսկ այս պատմության խմորը երկար ջուր է տանելու, քանի որ քրեական գործի քննությունը շարունակվում է: Այն ինչ կհրապարակենք, քրեական գործի նյութերից չէ:  Սա՝ կանխավ Արծվիկ Մինասյանի համար, որպեսզի չասի, թե նախաքննական գաղտնիք հանդիսացող նոյւթեր են հրապարակվել: Տրվող հարցերն էլ մեղադրանքներ չեն. մենք տակավին հարգում ենք Արծվիկ Մինասյանի անմեղության կանխավարկածը, անկախ քրեական գործով նրա կարգավիճակի ոչ բացառելի փոփոխությունից կամ պահպանումից, և քանի դեռ չկա գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշում:

Պարոն Մինասյանը միանգամայն ժամանակ՝ օրեր, ունի հրապարակայնորեն կամ իր նախըտրելի լրատվամիջոցով պատասխանելու այս շատ նախնական 13 հարցերին: Երախտագետ կլինենք, եթե արհեստավարժ լրագրողները օգնեն հանրությանն ու մեզ դա անել ավելի արագ՝ այս 13 հարցերը ուղղելով պարոն Մինասյանին, երբ նրան կհանդիպեն որևէ վայրում…

Պարոն Մինասյանի լռության կամ պատասխանների դեպքում հավասարապես կմեկնաբանենք երկուսն էլ՝ հանրայնացնելով օտարերկրյա ներդրողի մի ներդրման պատմություն, կամ ավելի ստույգ՝ ոդիսականը: Բայց սա այդպիսի գործերից միայն առաջինն է, որին առնչվում է Արծվիկ Մինասյանը, և որտեղ կա նաև Սեդա Սաֆարյան անունը…

Եվ այսպես. 
Պարոն Արծվիկ Մինասյան
1. Ո՞վ է Գորդոն Թուլախը. դուք ճանաչո՞ւմ եք այդպիսի անուն ազգանունով օտարերկրյա ներդրողի,
2. Եթե ճանաչում եք, ապա ո՞ր թվականին եք առնչվել նրա հետ և ի՞նչ կարգավիճակով. ի՞նչ պաշտոն էիք զբաղեցնում այդ պահին,
3. Ի՞նչ բարեկամ ունեք Արագածոտնի մարզի  Թալինի ենթաշրջանի Ոսկեթաս գյուղում, ի՞նչ ոլորտում և ի՞նչ ձեռնարկատիրական գործունեությամբ է նա զբաղվել,
4. Ո՞վ է եղել Թալինի տարածաշրջանի Խոտալյուր գյուղի գյուղապետը. նա ձեզ հետ որևէ առնչություն ունեցե՞լ է, նա այս քրեական գործին կամ պատմությանն առնչություն ունի՞,
5. Ինչպե՞ս են օտարերկրյա ներդրողի պատկառելի գումարները ներդրվել ձեր ազգականի գոմում,
6. Բացի այդ օտարեկրյա մասնավոր ներդրումից պետական ծրագրերով համաֆինանսավորում այդ մասնավոր բիզնես ծրագրին եղե՞լ է, թե՞ ոչ…
7. Դուք, ունենալով շատ բարձր կարգավիճակ, նպաստե՞լ եք այդ ամենին… Եթե այո, ապա ինչպե՞ս
8. Ի՞նչ պատահեց Գորդոն Թուլախի ներդրումների հետ… Որքան է կորցրել օտարերկրյա ներդրողը
9. Ձեզ հայտնի քրեական գործով դուք հարցաքննվե՞լ եք: Բացի ձեզանից ձեր որ հարազատն է հարցաքննվել այդ գործի շրջանակներում և ի՞նչ չափի արյունակցական մերձություն ունեք նրա հետ…
10. Ո՞րն է այդ քրեական գործում ձեր կարգավիճակը, ձեր հարազատի կարգավիճակը
11. Ի՞ՆՉ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԱՍՏԱԲԱՆ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԱՅՍ ԳՈՐԾԻ ՀԵՏ: ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է, ՈՐ ՆԱ ՁԵՐ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՆ ԳԻՏԻ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
12. Ի պաշտոնե ձեր գործողությունները համատեղելի եղե՞լ են հանրային-պետական ծառայության բարձր պաշտոնի հետ. կարծո՞ւմ եք, որ այդ համատեղելիության հարցը պետք է լուրջ քննության առարկա դառնա. կա արդյո՞ք ձեռնարկատիրական գործունեությունը հանրային ծառայության բարձր պաշտոնի հետ համատեղելու առերևույթ նշաններ..
13. ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ սանձազերծված քաղաքական արշավում հնարավո՞ր է, որ դուք խիստ անձնական շահագրգռություններ ունեք…

Ինչպես դուք եք բազմիցս ասել՝ ոչ մի անձնական և ոչ մի անձնավորված բան, պարոն Մինասյան:
Առայժմ միայն հարցեր…»։

Պատասխանների սպասումով՝ 
Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ տնօրեն