Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի կարևոր է Վիտալի Բալասանյանն ասի՝ ինքն ուր էր Մարտունին պաշտպանելիս

Ավելի կարևոր է Վիտալի Բալասանյանն ասի՝ ինքն ուր էր Մարտունին պաշտպանելիս
Հասարակություն
16:10, 10 май 2021
Մարտունի քաղաքում տեղադրված Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրերը շարունակվում են, բնակիչները դա կանխելու համար հերթապահություն են սահմանել։

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այցելել էր Մարտունի՝ առաջարկելով ապամոնտաժել արձանը։ Ավելի ուշ՝ ինքը՝ Բալասանյանը իրականությունից հեռու որակեց լուրը, թե ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը:

«Նրանք, ովքեր բարձրաձայնում են արձանի մասին, թե պետք է այն պաշտպանել, ճիշտ կլիներ, որ Ղարաբաղի սահմանը պաշտպանեին, Մարտունու շրջանը պաշտպանեին»,-ասել էր Բալասանյանը լրատվամիջոցների հետ զրույցում:

«Մենք չենք որոշողը, թե որտեղ պետք է լինի Նժդեհի արձանը: Այսինքն՝ քանդակագործն իր աշխատանքը կկատարի, և մարտունեցիներն իրենք կորոշեն՝ տեղում թողնել, թե թանգարան տեղափոխել: Սա տեղի բնակչության խնդիրն է»,-ասել էր Վիտալի Բալասանյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում։

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն առաջինն էր բարձրաձայնել արձանի հետ կապված խնդիրը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տեղեկատվությունն արձանի հետ կապված այն է, որ Նժդեհի արձանը շարունակում է իր տեղում մնալ․ «Կապ եմ հաստատել արձանի քանդակագործի ծանոթների հետ, նրանք տեղեկացրին, որ արձանի՝ ավարտին հասցնելու հետ կապված որևէ խնդիր քանդակագործը չի դրել։ Արձանն իր տեղում է, մենք շարունակում ենք հետևողական լինել»,-ասաց պատգամավորը։

Բալասանյանը նաև նշել էր․«Տեսեք, թե սոցիալական ցանցերում ովքեր են նման տեղեկություններ տարածում, ինչպիսի անցյալ ունեն, ինչով են զբաղված եղել այս տարիներին: Նրանք, ովքեր բարձրաձայնում են արձանի մասին, թե պետք է այն պաշտպանել, ճիշտ կլիներ, որ Ղարաբաղի սահմանը պաշտպանեին, Մարտունու շրջանը պաշտպանեին»: Պատգամավորը, անդրադառնալով Բալասանյանի դիտարկմանը, նշեց․ «Բալասանյանի ասածը, թե Մարտունին պաշտպանելու ժամանակ ուր էինք, ավելի կարևոր է, թե ինքն ուր էր։ Շատ մարտունեցիներ գիտեն՝ ուր էի ես պատերազմի ժամանակ, բայց այ ինքը պետք է ասի՝ ինքն ուր էր, քանի որ լինելով գեներալ, իր գործունեության մասին պետք է տեղեկացնի»։

Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ Բալասանյանի հայտարարության մեջ անվանական որևէ բան ասված չէր․«Պարզապես ես ամենաշատն եմ արձանի հարցով զբաղված, և այս առումով, ծիծաղելի է, որ նման բան է խոսել Բալասանյանը»։

Մարտունի համայնքի ավագանին, Հովսեփյանի խոսքով, շատ լուրջ գործունեություն է ծավալում, շատ հստակ և շատ համառ, և որևէ կերպ չի նահանջում։

Անդրադառնալով Բալասանյանի դիտարկմանը, թե մարտունեցի կորոշի՝ տեղում թողնեն, թե թանգարան տեղափոխեն՝ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ ի սկզբանե մարտունեցիները պետք է որոշեին արձանի հետ կապված ճակատագիրը։

«Իրենք ճնշում էին փորձում գործադրել, որ մարտունեցիները մտափոխվեն, բայց մարտունեցիները հաստատակամ են։

Պատգամավորը նշեց, որ Վիտալի Բալասանյանը ռուսական կողմի հետ քննարկման արդյունքում է գնացել Մարտունի,  և ռուս բարձրաստիճան զինվորականներից մեկը ամենաակտիվն է այդ հարցով աշխատել։