Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծեծկռտուք Կենտրոնի թաղապետարանում. վարչություններից մեկի պետին շտապօգնության մեքենան տեղափոխեց հիվանդանոց (տեսանյութ). armtimes.com

Երեւանի Կենտրոնի թաղապետարանում լարված իրավիճակ է: Այսօր առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի եւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ:
«Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ առավոտ շուտ թաղապետարանի ղեկավար կազմը Մարգարյանին շատ կոպիտ ձեւով հրահանգել է ազատել իր աշխատասենյակը: Այնուհետեւ վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, որից հետո Մանվել Մարգարյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:

Մեր այցելության պահին տեղում ոստիկաններ էին աշխատում, նրանք փակել էին Մանվել Մարգարյանի աշխատասենյակի դուռը, որպեսզի աշխատանքն ավարտելուց հետո էլ այն կապարակնքեն: Մի պահ հնարավորություն ունեցանք տեսնել Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի սենյակը, այնտեղ, մեղմ ասած, իրարանցում էր՝ գետնին թափված փաստաթղթեր, տեղաշարժած կահույք:
Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ միջադեպի ժամանակ կողքի աշխատասենյակում է գտնվել: Բարձր բղավոցներ ու հայհոյանքներ է լսել, առաջ է եկել, որ հասկանա՝ ինչ է կատարվում, բայց իրեն մոտիկ չեն թողել. «Ասացին՝ դու աղջիկ ես, գնա, գործ չունես ու չթողեցին մոտենամ, բայց սարսափելի իրարանցում էր, լսում էի նաեւ, որ կահույքն են քաշքշում: Այդ ընթացքում իմ սենյակում էի, հետո արդեն ոստիկանությունը եկավ»:
Մեր տեղեկություններով՝ միջադեպի գլխավոր հերոսը Արմեն Ազիզյանն է եղել: Վերջինիս հետ խոսել մեզ չհաջողվեց: Աշխատասենյակում ոչ ոք չկար: Աշխատակիցները հայտնեցին, որ Ազիզյանն առավոտյան աշխատավայրում է եղել, սակայն հետո դուրս է եկել: Նշենք, որ Արմեն Ազիզյանը ժամանակավոր կատարում է վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի պարտականությունները: Ավետ Պողոսյանն արձակուրդում է: