Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեռացվելու են այն պաստառները, որոնք փակցված կլինեն օրենքի խախտումով․ Տիգրան Մուկուչյան

Հեռացվելու են այն պաստառները, որոնք փակցված կլինեն օրենքի խախտումով․ Տիգրան Մուկուչյան
Հասարակություն
17:10, 11 май 2021
«Տեղամասերում տեսախցիկների տեղադրումն  իրականացվում է Կառավարության կողմից ընտրված կազմակերպության միջոցով։ Մենք տեղեկացված ենք, որ այս պահին աշխատանքներ տարվում են»,-այդ մասին այսօր ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշեց, որ նախկին ընտրությունների ժամանակ տեսախցիկներ եղել են 1500 տեղամասերում, բայց 1500 տեղամասերում ինչպես բազմիցս են առիթ ունեցել նշելու, քվեարկում են մեր  ընտրողների ճնշող մեծամասնությունը և միայն հեռավոր բնակավայրերում՝ շատ փոքր թվով ընտրողներ ունեցող տեղամասերում են, որ այդ տեսախցիկները չեն տեղադրվել։ ԿԸՀ նախագահը նշեց, որ այս անգամ աշխատանքը տարվում է այնպես, որ 1500 տեղամասերը պետք է ծածկվեն, իսկ ավելի մանրամասն կներկայացնեն, երբ աշխատանքները մեկնարկեն։

Ինչ վերաբերում է ոչ սահմանված վայրերում պաստառներ փակցնելուն, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ընտրական օրենսգիրքն ունի հստակ կանոնակարգումներ այդ առումով և հիշյալ ժամանակահատվածում, եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք փակցված կլինեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս, փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված տպաքանակի տպագրական և այլ նշագրումներ, դրանք բնականաբար հեռացվելու են։    

«Այս պահին որևէ գործառույթ ընտրական հանձնաժողովի համար նախատեսված չէ։ Որովհետև չի բացառվում անգամ, որ որևէ պաստառ ունեցող  պայմանականորեն ասենք, ոչ ընտրական իրավունքի տեսանկյունից, սուբյեկտ անգամ չառաջադրվի ու չգրանցվի։  Հետևաբար Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում՝ բացառապես ընտրական գործընթացի մասնակից սուբյեկտների նկատմամբ»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։

Նա նաև նշեց, որ ԱԺ-ի կողմից արդեն ընդունված փոփոխություններում կային առանձին կանոններ, որոնք տարբերվում էին այն կանոններից, որոնք մենք այսօր ունենք ԸՕ-ում։ 

«Բայց պետք է նկատի ունենալ, որ այդ կանոններն այս ընտրություններին չեն գործելու, այս ընտրություններին գործելու են ընտրական օրենսգրքում ամրագրված նորմերը։ Քարոզչության ընթացքում ԸՕ-ն հստակ կանոնները պարունակում է»,-ասաց Տիգրան Մուկուչյանը։   
ԿԸՀ նախագահը նաև ասաց, որ ընտրողների թիվը կներկայացվի առաջիկա օրերին։