Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ կարծում՝ այսօրվա բանակցությունները արդյունք կտան․ Ռուսաստանը բավականին վտանգավոր օրակարգ է առաջ քաշում․ Ռուբեն Մեհրաբյան

Չեմ կարծում՝ այսօրվա բանակցությունները արդյունք կտան․ Ռուսաստանը բավականին վտանգավոր օրակարգ է առաջ քաշում․ Ռուբեն Մեհրաբյան
Հասարակություն
14:05, 19 май 2021
Ես չեմ կարծում, որ այսօրվա բանակցությունները արդյունք կտան, քանի որ խաղի մեջ Ռուսաստանն է, իսկ Ռուսաստանը միանգամայն այլ օրակարգ է այսօր փորձում կողմերի ուշադրությանն արժանացնել, որը բավականին վտանգավոր է։ Այս մասին այսօր՝ «Մեդիա» կենտրոնի կողմից կազմակերպված  «Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին. ի՞նչ սպասել» թեմայով քննարկման ժամանակ, ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ 

Ըստ նրա այդ առաջարկվող օրակարգը սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան է․ «Սա, ես որակում եմ, որպես բավականին կեղտոտ խաղ, որովհետև, եթե խնդիրները լուծված չեն՝ գլոբալ առումով, անցնել դելիմիտացիայի և դեմարակցիայի, նշանակում է 0-ական գումարով մի նոր խաղ սանձազերծել, ընդ որում, այդ առաջարկողը բոլոր արբիտրաժային որոշումների իրավունքը և հնարավորությունը փորձում է վերապահել իրեն»։

Պարոն Մեհրաբյանը սա որակեց՝ անպարկեշտ առաջարկություն․ «Հայկական կողմը ոչ թե պետք է ասի՝ ոչ, այլ պետք է առաջարկի դա անել բացառապես միջազգային մեխանիզմներով։ Այսինքն՝ այստեղ պետք է ներառվեն, նաև, Մինսկի խմբի համանախագահ երկրները, այս հարցը պետք է դիտարկվի համալիրում՝ այլ հարցերի հետ մեկ տեղ, և, այնպես չէ, որ այս հարցն է հենց հիմա առաջնայինը։ Պարզապես կողմերը պետք է  պարտավորություն ստանձնեն, ինչպես դրա մասին պետ․ դեպարտամենտի ռելիզում էր շարադրված, որ դեռ չճշգրտված սահամանագոտիներում ռազմական տեղաշարժերը պարզապես սադրանք են և անպատասխանատու պահվածք»։

Ըստ Մեհրաբյանի, սա նշանակում է, որ, քանի դեռ այս հարցը լուծված չէ, նման պահվածքից պետք է ձեռնպահ մնալ և կողմերը պետք է ստանձնեն իրենց պարտավորությունը, որը պետք է միջազգային պարտավորության կարգավիճակ ստանա։

Նրա խոսքով՝ հաջորդ խնդիրը ռուսական կողմի «էքսկլյուզիվ առաջարկներն» են՝ «էքսկլյուզիվ միջնորդության», որն ուղղակի անընդունելի է։ Ըստ նրա՝ Ադրբեջանի ցանկությունը Հայաստանում իրավիճակը պերմանենտ լարվածության ռեժիմում պահելն է, և դա բխում է նաև ռուսների շահերից, քանի որ, որքան կամազուրկ և խոցելի է Հայաստանը, այնքան ռուսների կողմից  «փրկելու» առիթները մեծանում են։

«Իսկ Ռուսաստանին ի՞նչ է պետք, իհարկե, «էքսկլյուզիվ ազդեցություն» ամբողջ տարածաշրջանում, որը ստացվում է միայն «փրկելով»։

Դրա համար Հայաստանի քաղաքական իշխանությունը պետք է ոչ ստանդարտ որոշում կայացնելու ունակություն իր մեջ գտնի, և առաջնորդվի, բացառապես, ՀՀ-ի ազգային անվտանգության շահերից ելնելով», - նշեց պարոն Մեհրաբյանը։