Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներքին Խնձորեսկում դիրքային փոփոխություններ չեն եղել․ հայկական կողմը պահանջել է, որ համապատասխան մասնագետները սահմանային ճշտումներ անեն

Ներքին Խնձորեսկում դիրքային փոփոխություններ չեն եղել․ հայկական կողմը պահանջել է, որ համապատասխան մասնագետները սահմանային ճշտումներ անեն
Հասարակություն
18:54, 08 февраль 2021
Ներքին Խնձորեսկ գյուղում շարունակվում են սահմանային ճշգրտումները։ Փետրվարի 5-ին ադրբեջանական կողմը ժամանակ էր տվել հայկական կողմին, որպեսզի մինչև ժամը 5-ը մեր հենակետը հետ տեղաշարժի։

Այսօր մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ Ներքին Խնձորեսկի համայնքապետ Էդվարդ Մալունցը նշեց, սակայն, որ ադրբեջանական կողմը դեռևս այս հատվածում դիրքերը առաջ չի բերել, և  այս պահին սահմանների ճշգրտում է ընթանում։

«Այս պահին նորմալ է ամեն ինչ։ Ճիշտ է, թշնամին գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու, բայց խուճապ չկա»,- նշում է համայնքապետը։

Համայքապետի խոսքով՝ նա  դիմել է  Կադաստրի կոմիտե, որպեսզի քարտեզներով ու կոորդինատներով համապատասխան մասնագետներ գան, ու  սահմանային ճշտումներ արվեն։

«Սահմանը մեծ է, տեղեր կան, որ սահմանազատման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Այս ամենը դեռ վերջնական ճշտված չէ։ Ես պահանջել եմ, որ գան ու ոչ թե GPS-ով, այլ մեր քարտեզով սահմանի ճշտում կատարեն»,- նշում է համայնքապետը։

Սյուզի Սիրականյան