Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք պետք է վաղուց ամրապնդեիք Հայաստանի սահմանները և բանակցությունների մեջ մտնեինք՝ այլ հնարավոր խաղաղացողների հետ»․ Բորիս Նավասարդյան

«Մենք պետք է վաղուց ամրապնդեիք  Հայաստանի սահմանները և բանակցությունների մեջ մտնեինք՝ այլ հնարավոր խաղաղացողների հետ»․ Բորիս Նավասարդյան
Հասարակություն
15:45, 19 май 2021
Խնդիրների լուծման ցանկացած դիվանագիտական բանակցային ճանապարհ պետք է հիմքերի վրա դրված լինի։ Այսպիսի հիմք կարող էին լինել, կամ կարող են լինել, այն երկու եռակողմ հայտարարությունները, որոնք ընդունվել էին նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին։ Այս մասին այսօր՝ «Մեդիա» կենտրոնի կողմից կազմակերպված «Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին. ի՞նչ սպասել» թեմայով քննարկման ժամանակ, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Ցավոք, այս ամիսների ընթացքում, մենք համոզվել ենք, որ այդ երկու հայտարարությունները, որոնց ձևակերպման վերաբերյալ Հայաստանի մասնակցությունը նվազագույնն էր (դա էլ գիտենք), չեն հանդիսանում այն հիմքը, որը կարող են բերել կայունություն,խաղաղություն և որոնց վրա կարելի է հենել նաև դիվանագիտական ջանքերը», - նշեց պարոն Նավասարդյանը։

Ըստ նրա՝ լույս նոյեմբերի 10-ին՝ 00։01 վայրկյանն անց, արդեն, պետք է սկսվեին Հայաստանի կողմից սահմանների ամրապնդման գործողությունները, սակայն, այսօր դա տեղի չի ունեցել։

«Ես երեկ առիթ եմ ունեցել զրուցելու ադրբեջանցի քաղաքագետի հետ, որն ասում է․ եթե Հայաստանը համարում էր, որ դա իր տարածքն էր, ինչո՞ւ այդտեղ չկային սահմանապահական կետեր, հայկական բանակ։ Ադրբեջանցիները, ասենք թե, սխալվել են, բայց, եթե չկա որևէ նշան, որ դա Հայաստանի սահմանն է, նրանք առաջ են եկել, ենթադրելով, որ դա իրենցն է։ Հիմա, նույնիսկ, եթե մենք, դիվանագիտական և բանակցային ճանապարհներով, ցույց տանք տարբեր քարտեզներ, նրանց հետ գնալու հնարավորությունը խիստ կասկածելի է կամ խնդրահարույց, որովհետև այն էյֆորիան, որում գտնվում է Ադրբեջանական հասարակությունը, թույլ չի տալիս այսօր Ադրբեջանի ղեկավարությանը ինչ-որ քայլ անել՝ հետզիջման», - նշեց պարոն Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ այդ քայլն Ադրբեջանում անմիջապես կառաջացնի շատ խորը դժգոհություններ և բողոքներ,քանի որ նրանց հասարակության մեջ արդեն խորապես նստած է՝ հաղթանակի էյֆորիան, և Ադրբեջանի իշխանության կողմից զիջումներ անելը չի կարող ընդունվել։ Պարոն Նավասարդյանը, նշեց, որ այստեղ միակ գործոնը,որը կարող է արդյունավետ լինել, Ռուսաստանինն է, քանի որ, ըստ նրա, Ռուսաստանը շահագրգռված չէ այս սրացումներին, գիտակցելով, որ այսօր Հայաստանի անվտանգության բոլոր հարցերը իր պատասխանատվության տակ են և միջազգայնորեն այս բավականին բարդ պայմաններում, որում նա է գտնվում, ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական հարաբերությւոններում նոր սրացումները գլխացավանք են լինելու իր համար։

«Նրանք դա չեն ցանկանում։ Հայաստանի գործոնը, տվյալ դեպքում, համարյա գոյություն չունի։ Այստեղ գոյություն ունեն այն խնդիրները, որը Ռուսատանը ունի Բաքվի և Անկարայի հետ և այդ խնդիրները միայն խորանալու միտում ունեն։ Սակայն Ռուսաստանը չի տիրապետում այն լծակներին, որոնցով կանի այն, ինչ իրենից պահանջվում է՝ որպես հիմնական երաշխավորի և միջնորդի։ Իսկ նրանից պահանջվում է շատ պարզ մի բան․ դնել եղած քարտեզները, ունենալ այն տեղեկությունները որոնք կան ադրբեջանական զինվորականների գտնվելու վայրի վերաբերյալ (իսկ նրանք դա ունեն), համեմատել և անել հստակ հայտարարություն․ արդյո՞ք խախտվել է ՀՀ սահմանը, թե՞ չի խախտվել։ Դրանից ավելի պարզ գործողություն գոյություն չունի», - նշեց պարոն Նավասարդյանը։

Իսկ թե ինչու Ռուսաստանը դա չի անում, ըստ Նավասարդյանի, քանի որ խուսափում է ցանկացած սրացումներից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համաձայնության մեջ չէ Ադրբեջանի հետ, հնարավորինս շատ հայկական տարածքներ տրամադրելու շուրջ և նա այդպիսի խնդիր չունի, քանի որ շատ լավ հասկանում է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, դա կընկալեն՝ որպես Ռուսաստանի թուլություն, քանի որ հենց նա է պատասխանատու՝ Հայաստանի անվտանգության համար։

«Այստեղ ես բացատրությունը տեսնում եմ միայն նրանում, որ Ռուսաստանը խուսափում է ցանկացած սրացումներից, պատրաստ է գնալ փողզիջումների, պատրաստ չի անել վճռական հայտարարություններ, միայն թե չդժվարեցնի իրավիճակն այսօր՝ հաշվի առնելով և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական խնդիրն ու մարտահրավերները, որոնց այսօր Ռուսաստանը բախվում է»։

Նրա խոսքով՝ մենք պետք է վաղուց ամրապնդեինք Հայաստանի սահմանները և բանակցությունների մեջ մտնեինք՝ այլ հնարավոր խաղաղացողների հետ և պատկերացնեինք, թե ինչում կարող է լինել նրանց աջակցությունը․ «Եթե մենք այդ գործողությունները չենք իրականցնում, նեղանալ և մեղադրել ուրիշներին, հարգանք առաջացնող դիրքորոշում չէ»։