Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում որևէ իշխանություն Սահմանադրությամբ չի կարող դեմարկացիա և դելիմիտացիա անելու ինչ-որ փաստաթուղթ ստորագրել․ Տարոն Հովհաննիսյան

Հայաստանում որևէ իշխանություն Սահմանադրությամբ չի կարող դեմարկացիա և դելիմիտացիա անելու ինչ-որ փաստաթուղթ ստորագրել․ Տարոն Հովհաննիսյան
Հասարակություն
18:54, 19 май 2021
Ադրբեջանի ցանկացած գործողություն ունի մի քանի նպատակ։ Չի կարող այն ունենալ միայն մի նպատակ, օրինակ, Հայաստանում սպասվելիք ընտրությունների հանգամանքը։ Ուզո՞ւմ են ազդել ՀՀ-ի ներքաղաքական դաշտի վրա։ Իհարկե՝ այո։ Ավելին, ոչ միայն ուզում են ազդել և ազդում են, այլև փաստացի բավականին երկար ժամանակ է ինչ Ադրբեջանի կողմից իրենց պաշտոնական հայտարարությունները մեզ մոտ ուղղորդում, ձևավորում են ներքաղաքական դիսկուրսը։ Սակայն սա գործոններից միայն մեկն է։ Այս մասին այսօր՝ «Մեդիա» կենտրոնի կողմից կազմակերպված «Սահմանների հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին. ի՞նչ սպասել» թեմայով քննարկման ժամանակ, ասաց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։

«Զանգեզուրի միջանցք ասվածը կարո՞ղ է արդյոք լինել գործոն։ Կարող է։ Իրենք ուզում են ստանալ դա, բայց իրենց հայտարարությունները և ռեալ բանակցությունները փոխվարչապետերի մակարդակով, իրարից կարող են տարբերվել։ Սա էլ պետք է հասկանանք։ Այսինքն՝ Ալիևի հայտարարությունը միջանցքի մասին և այն, ինչ նա պատվիրակում է գնալ բանակցելու, պարտադիր չէ, որ 100 տոկոսով իրար հետ համընկեն։ Իսկ արդյո՞ք իրենք ունեն առավելագույն ցանկություն, իհարկե՝ ունեն», - նշեց պարոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կապ չունի՝ ով է Հայաստանում իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության տարածքի սուվերենության փոխանցումը մեկ այլ պետության կամ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը պետք է իրականցվի, բացառապես, հանրաքվեի միջոցով։ Դու չես կարող սահմանադրությունը խախտել և ստորագրել ինչ-որ միջազգային պայմանագիր, համաձայնագիր և այլն։ 

«Ինչո՞ւ է Ադրբեջանը օգտագործում «միջանցք» բառը։ Իրենք փորձում են զուգահեռներ տանել Լաչինի միջանցքի հետ։ Քանի որ նոյեմբերի 9-ի, 10-ի հայտարարությունում գրված է «Լաչինի միջանցք» ու դրա համար արձանագրված է առանձին կարգավիճակ, իրենք փորձում են այդ «միջանցք» բառը հենց նշված տրամաբանությամբ օգտագործել և կիրառել՝ Սյունիքի դեպքում, անվանելով Զանգեզուրի կամ Լաչինի միջանցք, որպեսզի իրենք ստանան նույն իրավունքներով, այսպես ասած, միջանցք, որը վերահսկվում է ոչ թե Հայաստանի կողմից, ինչպես Լաչինի կամ Քաշաթաղով անցնող միջանցք կոչվածը,այլ ռուս խաղաղապահների կողմից», - նշեց պարոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ այդ ցանկությունը Ադրբեջանի մոտ կա, բայց Հայաստանում որևէ իշխանություն չի՛ կարող պարզապես գնալ ու նմանատիպ որևէ թուղթ ստորագրել, եթե անգամ ունենա նման ցանկություն։ Հովհաննիսյանը կարևորեց նաև այն, որ ստորագրված հայտարարությունները Հայաստանի տարածքով անցնող որևէ միջանցքի մասին չեն խոսում, չկա արձանագրված առանձին կարգավիճակ և դա կհակասի հենց նոյեմբերի 10-ի հայտարարությանը։

«Ադրբեջանի համար կարևոր խնդիր է անընդհատ առաջ քաշել դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը։ Իրենք միանշանակ առաջիկա ժամանակահատվածում աշխատելու են Խորհրդային Միության իրենց էքսկլավները ստանալու ուղղությամբ՝ խոսքը Տավուշի մարզի և Արարատի մարզի մասին է՝ Տիգրանաշենը։ Նրանք այդ կողմով էլ են փորձելու ճնշումներ իրականցնել», - նշեց պարոն Հովհաննիսյանը։

Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ քննադատության առիթ կա նաև ԱՄՆ-ին ուղղված, քանի որ իրենց հայտարարություններում հասցեական նշված չէ, որ Ադրբեջանի զորքերը մտել են ՀՀ-ի տարածք, և իրենք էլ են իրենց հայտարարություններում ակնարկ անում, կամ, այսպես ասած, ուղերձ հղում՝ «վիճելի տարածք», «սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի» հարցի մասին, ինչը շատ խնդրահարույց է։

Միակ երկիրը Ֆրանսիան է, որը հասցեական հայտարարություն է արել։ 

«Մենք պետք է մշտապես ունենանք այն գիտակցումը, որ Ադրբեջանը՝ ելնելով իր քաղաքականությունից, մշտապես, ցանկացած մակարդակում ցանկանալու է հասնել մեր նկատմամբ առավելության։ Նույն «Սև լճի տարածքի մասով, դա իրենց համար չունի կենսական պաշտպանական նշանակություն։ Իրենց բնակավայրերը բավական խորք են ընկած։ Այդ բարձունքները վերցնելը կատարում է ՀՀ-ի կենսական ճանապարհների և տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու կամ այդ տարածքներին ու ճանապարհներին վտանգ սպառնալու միտում, հետևաբար, սա խոսում է արդեն ինքնին Ադրբեջանի քաղաքականության մասին, որը նա, ցանկացած իրավիճակում, շարունակելու է, քանի դեռ տեսնում է, որ ունի մեզ վնաս տալու հնարավորություններ», - նշեց պարոն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ այս գիտակցումը պետք է ունենալ, եթե անգամ  ՀՀ-ն մտնում է ինչ-որ հարակից գործընթացների մեջ, ինչը ենթադրում է, օրինակ, կոմունիկացիաների բացում կամ այլ քայլեր, ինչն, իհարկե, չի նշանակում բարեկամացում․ «Մեր շահերն, ի սկզբանե, բախված են և շարունակելու են բախվել ու մեր բոլոր քայլերը պետք է անենք՝ այս ամենը գիտակցելով»։