Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հղիության-ծննդաբերության արձակուրդի ընթացքում՝ գործատուի փոփոխման դեպքում, պետությունն է վճարելու աշխատողին, որպեսզի նա չզրկվի մայրության նպաստից

Հղիության-ծննդաբերության արձակուրդի ընթացքում՝ գործատուի փոփոխման դեպքում,  պետությունն է վճարելու աշխատողին, որպեսզի նա չզրկվի մայրության նպաստից
Հասարակություն
15:17, 20 май 2021
Այսօր Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և ընդունվեց «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հիմնական զեկուցող՝  «Իմ քայլը» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան։ 

«Մեր առաջարկը վերաբերվում էր նրան, որ անաշխատունակության առաջին օրը ևս դառնա աշխատողի համար վճարովի օր։ Երկրոդ փոփոխությունը վերաբերվում էր նպաստների հաշվարկի կարգին, այն դեպքում, երբ աշխատողի 12 ամիսը՝ տվյալ գործատուի մոտ, չի լրանում, ապա, որպեսզի աշխատողը տուժած դուրս չգա՝ հաշվարկի բանաձևում, և քիչ չափով չստանա նպաստը, հաշվարկում հաշվի է առնվում, նաև, նախորդ գործատուի մոտ նրա աշխատած ամիսները», - ասաց տիկին Տիգրանյանը։

Նա նաշեց, որ Կառավարությունից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ստացել են նախագծի վերաբերյալ առաջարկ։ Հեղինակների կողմից առաջարկը ընդունելի է եղել և նախագծով իրացվել է։ 

«Երկու առաջարկ է, որը կբարելավի իրավակիրառ պրակտիկան։ Առաջինը վերաբերվում է այն դեպքերին, երբ հղիության-ծննդաբերության արձակուրդի ընթացքում աշխատողի գործատուն փոխվում է, ապա, որպեսզի աշխատողը չզրկվի մայրության նպաստից, նրան պետությունն է վճարում այդ գումարները»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ նախարարության մյուս առաջարկը վերաբերում է այս օրենքի ուժի մտնելու ժամկետներին և, որպեսզի իրավակիրառ պրակտիկայում չառաջանան հարցադրումներ, օրինակ, եթե ուժի մեջ մտնելու օրը համընկնում է առաջին անաշխատունակության օրվա հետ, ապա վճարումն ինչպես կատարել՝ հին օրենքի, թե՞ նոր կարգավորումների շրջանակներում, լուծումը տրվել է այնպես, որ որևէ խնդիր չառաջանա գործատուի մոտ՝ հաշվարկը կատարելու ընթացքում։

Առաջարկությունները քվեարկվեցին և ընդունվեցին հանձնաժողովի կողմից։