Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե դեմարկացիան լինի սովետական քարտեզների հիման վրա, այդ գյուղերը ոչ միայն կմնան Հայաստանում, այլև Ադրբեջանը կհաստատի, որ դրանք Հայաստանի տարածքում են․ Դանիել Իոաննիսյան

Եթե դեմարկացիան լինի սովետական քարտեզների հիման վրա, այդ գյուղերը ոչ միայն կմնան Հայաստանում, այլև Ադրբեջանը կհաստատի, որ դրանք Հայաստանի տարածքում են․ Դանիել Իոաննիսյան
Հասարակություն
17:39, 20 май 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տավուշի գյուղերը ոչ հանձնվում են, ոչ էլ կարող են հանձնվել

Զգացե՞լ եք, որ որևէ մեկը առ այսօր չի տվել Տավուշի այն գյուղերի անվանումները, որոնք, իբր, դեմարկացիայի արդյունքում կարող է անցնեն Ադրբեջանին: Գոռում են «5 գյուղ», «7 գյուղ»... բայց անունները չեն տալիս:

Սովետական քարտեզների ուսումնասիրությունը վկայում է, որ Տավուշի սահմանամերձ գյուղերը՝ Բերդավանը, Ոսկեվանը, Բաղանիսը, Ոսկեպարը, Կիրնացը, Բերքաբերը, Ազատամուտը, Այգեհովիտը, Պարավաքարը, Ներքին Կարմրաղբյուրը, Այգեպարը, Մովսեսը, Չինարին ու Այգեձորը Հայաստանի տարածքում են: Հետևապես, եթե դեմարկացիան լինի սովետական քարտեզների հիման վրա, այդ գյուղերը ոչ միայն կմնան Հայաստանում, այլև Ադրբեջանը կհաստատի, որ դրանք Հայաստանի տարածքում են:

Ես էլ ունեմ մտահոգություններ դեմարկացիայի արդյունքների մասով: Մասնավորապես, ինձ մտահոգում է միջպետական ճանապարհների ու Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի Կայան գյուղերի, ինչպես նաև Ոսկեպար գյուղի մի փոքր հատվածի ճակատագիրը, քանի որ սովետական քարտեզներում այդ հատվածները Ադրբեջանի տարածքում են: Այդուհանդերձ, այս գյուղերի հետ կապված որևէ փոփոխություն կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեով (համաձայն՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի):

Ասեմ նաև, որ «Պետական սահմանի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն, պետական սահմանը պետք է ի վերջո որոշվի կա՜մ օրենքով կա՜մ էլ միջպետական պայմանագրով՝ Ազգային Ժողովի կողմից: Այս մասին դեռևս լրացուցիչ խոսելու եմ:

Հ.Գ. Ասեմ, որ համանման պրոցեսը Վրաստանի հետ մենք սկսել ենք դեռևս 1996 թվականից և առ այսօր վերջը չի երևում»: