Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ և ինչու՞ է թաքցնում մեդիատեռորի կնքահոր դեր ստանձնած Միքայել Մինասյանը

Ի՞նչ և ինչու՞ է թաքցնում մեդիատեռորի կնքահոր դեր ստանձնած Միքայել Մինասյանը
Հասարակություն
18:11, 20 май 2021
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որն իր վրա է վերցրել մեդիատեռորի կնքահոր դերը, երեկ երեկոյան հրապարակել էր մի փաստաթուղթ և հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այն ստորագրել՝ բնութագրելով փաստաթուղթը որպես կապիտուլյացիոն։ Մինասյանը, սակայն, փաստաթուղթը հրապարակել էր կիսատ՝ հատուկ փակելով փաստաթղթի դրույթների հիմնական մասը՝ թողնելով միայն առաջին երկու կետը։ 

Տելեգրամյան Info-Armenia ալիքը հրապարակել է այդ փաստաթղթի ամբողջական տարբերակը, որում բացի առաջին երկու կետերից, որտեղ, ըստ էության, ոչ մի հակահայ կետ չկա և խոսվում է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա անելու համար եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին, ներառված են նաև կետեր այդ հանձնաժողովի կառուցվածքի, ժամկետների և լիազորությունների մասին։ 

Մասնավորապես, փաստաթղթի  5-րդ կետով սահմանվում է, որ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը հանձնաժողովը կանցկացնի իր առաջին նիստը, որի արդյունքներով կձևավորվի հանձնաժողովի աշխատանքների հերթականություններն ու հիմնական ուղղությունները, ինչպես նաև կհաստատի փորձագիտական խմբերի կազմը՝ իրավասու կազմակերպությունների և պաշտոնատար անձանց կազմով։

Փաստաթղթի 6-րդ կետում նշվում է,որ փորձագիտական խմբերը իրենց գործունեության մեկամսյա ժամկետից հետո հանձնաժողովին կներակայացնեն միջոցառումների շարք:

Փաստաթղթի վերջին՝ 7-րդ կետում նշվում է, որ բոլոր հարցերը, որոնք կապված են հայտարարության ապահով իրականացման հետ եւ Հանձնաժողովի աշխատանքների իրականացման հետ, պետք է իրականացվեն միայն դիվանագիտական եւ քաղաքական ճանապարհով՝ եռակողմ համաձայնագրի հիման վրա:

Տելեգրամյան նույն ալիքը, հղում կատարելով իր աղբյուրներին՝ նշում է, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայասանի կառավարությունը համաձայնել է ստորագրել այս փաստաթուղթը միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինծառայողները կլքեն Հայաստանի տարածքը և փաստաթղթում խմբագրական մի քանի շտկումներ կարվեն: Աղբյուրը տեղեկացնում է, որ սա փաստաթղթի նախնական տարբերակն է, հայկական կողմն առաջարկել է փոփոխություն անել դրա մեջ։

Փաստաթղթին ծանոթանալուց հետո պարզ է դառնում, որ, ի դժբախտություն Միքայել Մինասյանի, այն ոչ մի հակահայկական տարր չի պարունակում և որևէ խոսք չի գնում Հայաստանի որևէ շրջանի, համայնքի, գյուղի կամ անկլավի հանձման մասին, ինչպես տարածվում է սոցցանցերում։ 

Եթե փաստաթղթում կան հակահայ դրույթներ, ապա ինչու՞ է Սերժ Սարգսյանի՝ իրավապահներից ու արդարադատությունից խուսափող փեսան, փակել փաստաթղթի հիմնական կետերը, թողնելով առաջին երկուսը, որոնք ևս որևէ հակահայկական կետ իրենց մեջ չեն ներառում։ 

Այսպիսով Միքայել Մինասյանը, փորձել է մնացած կետերին խորհրդավորություն հաղորդել և մեկնաբանելով, թե իբր փաստաթուղթը հակահայկական է, հասարակության մոտ մնացած կետերի մասին անիրազեկվածություն հաղորդելով՝ գրգռել մարդկանց երևակայությունը։

Վովա Հակոբյան