Քաղաքացիակենտրոն
լրատվություն

10 մոդուլային մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում

10 մոդուլային մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում
Հասարակություն
19:37, 20 май 2021
ՀՀ կառավարության մայիսի 20-ի  նիստում որոշվել է 51 մլն 400 հազար դրամով ավելացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն, որով նախատեսվում է մարզային 10 համայնքներում սկսել մոդուլային  մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` 144 տեղ հզորությամբ մոդուլային մսուր-մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակայման համար: Մանկապարտեզները կկառուցվեն մարզային հետևյալ բնակավայրերում.
Արմավիրի մարզում` 5 մսուր-մանկապարտեզ 
Գետաշեն համայնք
Նորավան համայնք
Փշատավան համայնք
Լենուղի համայնք
Այգեվան համայնք
Լոռու մարզում` 3 մսուր-մանկապարտեզ
Գոգարան համայնք
Լեռնավան համայնք
Լուսաղբյուր համայնք
Կոտայքի մարզում` 1 մսուր-մանկապարտեզ
Պտղնի համայնք
Շիրակի մարզում` 1 մսուր-մանկապարտեզ
Արևշատ համայնքի Արծվաբերդ բնակավայր
Հիշեցնենք, որ մինչ այդ Կառավարության մայիսի 6-ի և մայիսի 13-ի նիստերում  գումար էր հատկացվել 144 տեղ հզորությամբ մոդուլային 10 մսուր-մանկապարտեզի և մինչև 100 սովորողի համար նախատեսված մոդուլային 20 դպրոցի կառուցման համար:
Անդրադառնալով ընդունված որոշմանը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է: 
 
«Նախօրեին քննարկված ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով դպրոցաշինության և մանկապարտեզաշինության լայնածավալ աշխատաքներ են նախատեսված»,- փաստել է նա` ավելացնելով, որ կառուցումից հետո մոդուլային մսուր-մանկապարտեզների բնականոն գործունեության ապահովման պարտավորությունը կդրվի համայնքների վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվելու նախադպրոցական կրթության համակարգում աշխատող մանկավարժների վարձատրության ավելացման ուղղությամբ` ատեստավորման և մասնագիտական որակավորման բարելավման ճանապարհով: