Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է շարժվել ԵԱՀԿ-ի շրջանակներում ստեղծված դեմարկացիա և դելիմիտացիա անցկացնելու վերաբերյալ փաստաթղթով․ Ստեփան Գրիգորյան․ Տեսանյութ

«Մարդիկ շատ քիչ ինֆորմացիա ունեն, շատ լավ է, որ երեկ արտահերթ նիստ հրավիրվեց ու արտահերթ նիստից գոնե մարդիկ ինչ-որ բաներ իմացան։ Բայց երեկվա նիստի ժամանակ ինձ զարմացրեց, որ գրեթե բոլոր ելույթներում ավտոմատ ընդունվում է այն փաստը, որ Ադրբեջանի հետ պետք է անցկացվի դեմարկացիա և դելիմիտացիա և հենց Ռուսաստանը պետք է լինի միջնորդ»,-այդ մասին «Սահմանազատում և սահմանագծում․ Կառավարության խնդրահարույց որոշման հնարավոր հետևանքները» թեմայով քննարկան ժամանակ, ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Նա նշեց, որ մինչդեռ Հայաստանը ԵԱՀԿ-ի անդամ է և ԵԱՀԿ-ի շրջանակներում պատրաստված են շատ լուրջ փաստաթղթղեր և նշելով դրանցից մեկը, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ դա պաշտոնական փաստաթուղթ է, որի վրա գիտական, քաղաքական, միջազգային մեծ աշխատանք է կատարվել ու քանի որ մենք ԵԱՀԿ անդամ ենք, ու եթե ուզում ենք ԵԱՀԿ մեկ այլ անդամի՝ Ադրբեջանի հետ անցկացնել դեմարկացիա ու դելիմիտացիա, մենք պետք է այդ փաստաթղթով շարժվենք։ 

«Հիմա ես հարց եմ տալիս, էդ ինչի՞ հետ է կապված, որ մենք բանավոր պայմանավորվում ենք Ռուսաստանի հետ, Ադրբեջանի հետ, մինչդեռ մենք ԵԱՀԿ անդամ ենք ու կան կոնկրետ խաղի կանոններ։ Դա մեծ, 150 էջանոց փաստաթուղթ է ու հատուկ երեկ թարմացրեցի․ այդ աշխատանքները սկսվել են 2005 թվականից»,-ասաց Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ զարմացած է, որ միջազգային կոնտեքստից երեկ խոսել է միայն Արման Բաբաջանյանը։

Նա նաև հարց է բարձրացնում, թե ինչի հետ է կապված, որ մենք Ադրբեջանի հետ գնում ենք շատ լուրջ պրոցեսի, սակայն մեզ համար բավական վտանգավոր, չլուծված ԼՂ հարցով չգիտես ինչու գնում ենք նեղ ֆորմատով՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, բոլորը հասկանում են, որ այստեղ կա նաև Թուրքիա, մինչդեռ մենք մեծ անվտանգային համակարգի անդամ ենք։

«Ինչի՞ հետ է կապված, որ մենք շրջանցում ենք խաղի կանոնները, մինչդեռ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ եթե դու շրջանցում ես միջազգային կոնտեքստը, օրինակ՝ Ղարաբաղը դուրս ես բերում ԵԱՀԿ Մինսկի խմբից, ավարտվում է նրանով, որ Թուրքիան ու Ռուսաստանը բաժանում են քո հայրենիքը։ Ես միջազգային այս ասպեկտը հատուկ նշում եմ, որ ԵԱՀԿ խաղի կանոններին համաձայն մենք պետք է շարժվենք»,-ասաց Ստեփան Գրիգորյանը։

Այնուհետև խոսելով Ղարաբաղի հարցի մասին, Ստեփան Գրիգորյանն ասաց, երբ սկսվում է Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա, դա ավտոմատ նշանակում է, որ դու կտրում ես քեզանից Ղարաբաղը։

«Եթե դու համաձայնվում ես ֆիքսել հայ-ադրբեջանական սահմանի այն մասերը որոնք առնչվում են Ղարաբաղի հետ, ուրեմն, դու ինչ-որ չափով հրաժարվում ես ԼՂ-ի կարգավիճակի խնդրից։ Կոպիտ ասած, դու կանխորոշում ես ԼՂ-ի կարգավիճակը։ Ես կտրականապես դեմ եմ դեմարկացիա ու դելիմիտացիա անել, մինչև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջպետական և դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեն, ԼՂ-ի հարցը չկարգավորվի»,-ասաց Ստեփան Գրիգորյանը։